Հարց.
Իրականում գոյություն ունի՞ արդյոք զույգերի միջև սեքսուալ անհամատեղելիություն, և ի՞նչ է դա նշանակում:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Սեքսոլոգիական տեսանկյունից չկան զույգեր, որոնք կարող են լինել բացարձակ անհամատեղելի՝ սեքսուալ տեսանկյունից: Այս պարագայում հաճախ ի հայտ են գալիս սեքսուալ աններդաշնակություններ (դիսհարմոնիաներ), որոնք կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով: Զույգերի սոցիալ-հոգեբանական անհարմարողականությունը առաջանում է, երբ առկա են միջանձնային լարված փոխհարաբերություններ, փոխադարձ սիրո և հարգանքի բացակայություն, բնավորության որոշ գծերի շեշտվածություն: Այս դիսհարմոնիան հաճախ դիտվում է բարձր կրթական մակարդակ ունեցող մարդկանց մոտ, առավել քիչ՝ բազմազավակ ընտանիքներում: Ամուսինների սեռավարքային աններդաշնակության պատճառ կարող են հանդիսանալ գուրգուրանքների թույլատրելիության շրջանակի, սեռական վարքի և ցանկալի մոդելի անհամապատասխանությունը: Նորապսակներին ընտանեկան և սեռական կյանքին անբավարար նախապատրաստելը, սեռական ֆունկցիայի նորմայի, պաթոլոգիայի մասին գիտելիքների բացակայությունը կամ աղավաղված ընկալումը կարող են պատճառ լինել դեզինֆորմացիոն-գնահատողական դիսհարմոնիայի առաջացմանը: Բոլոր դեպքերում էլ հնարավոր է հասնել ամուսինների միջև աններդաշնակության վերականգնմանը, այստեղ մեծ դեր ունի ընտանիքի պահպանման համար նրանց իրական ցանկությունը և պատրաստակամությունը: