1in.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունել է ԵՄ հետ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է դաշինքի մամլո հաղորդագրությունում:
«Ես ողջունում եմ ասոցացման մասին ԵՄ-ի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համաձայնությունների ստորագրումը»,- նշել է Ռասմուսենը: Նրա խոսքով՝ «համաձայնությունը կնպաստի Եվրոպայում ազատության, կայունության և բարգավաճման ամրապնդմանը»:
«Դրանք հնարավորություն կտան սերտորեն համագործակցել իրավունքի գերակայության ամրապնդման, դատական համակարգի բարեփոխումները խթանելու, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ ապահովելով հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանումը և ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները: Սրանք նպատակներ են, որոնք ՆԱՏՕ-ն կիսում է և աջակցում այդ երկրների և այլ գործընկերների հետ սեփական գործընկերության շրջանակներում»,- նշել է Ռասմուսենը:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանը և Մոլդովան Բրյուսելում ստորագրել են ԵՄ-ին ասոցացման համաձայնագիրը: Ուկրաինան և ԵՄ-ն ստորագրել են ԵՄ-ին ասոցացման մասին համաձայնության տնտեսական մասը: Քաղաքական մասը ստորագրվել էր ընթացիկ տարվա մարտին:



