Հայտնի է, որ կազմակերպությունը կամ շարժումը կոչվում է քաղաքական, երբ այն ձգտում է հասնել իշխանության: Երբ «Դեմ եմ»-ը ակցիա է կազմակերպում ի պաշտպանություն Աֆրիկյանների տան, Մաշտոցի պուրակի, կամ ընդդեմ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման, նա դրսևորում է հասարակական ակտիվություն, հանդես է գալիս որպես հասարակական շարժում, բայց երբ արտահայտում է պահանջների լայն շրջանակ` սկսած կառավարության կադրային քաղաքականությունից, մինչև դեմոգրաֆիական խնդիրներ ու օրենսդրական նախաձեռնություններ, դա արդեն ենթադրում է քաղաքական ակտիվության միտումներ: Հենց այդպիսի բովանդակությամբ մի հայտարարություն տարածել է այսօր «Դեմ եմ»-ը: Եթե հաշվի առնենք նաև «Դեմ եմ»-ի առանցքային ակտիվիստներից մեկի` օրերս արած այն հայտարարությունը, թե չի բացառվում, որ «Դեմ եմ»-ը քաղաքական ուժ դառնա, կարելի է ենթադրել, որ այն արդեն սկսել է քաղաքական գործընթացներում ներգրավվելու ուղղությամբ գործնական քայլեր անել: Հարց է առաջանում՝ քաղաքական ուժ դառնալու մտադրությունն ի սկզբանե կա՞ր, ընթացքո՞ւմ է առաջացել, առհասարակ ակտիվիստների՞ նախաձռնությունն է, թե ինչ-որ մեկն է թիկունքում հուշել՝ հեռուն գնացող քաղաքական շահարկումների մտադրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել