Panorama.am-ը գրում է.
Աստիճանաբար թեժացող իրաքյան զարգացումների ֆոնին Սիրիայում ռազմական գործողությունները, կարծես, միտում չունեն նվազման՝ մեկնաբանելով Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ներկայիս փուլը «Panorama.am»-ի թղթակցին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ արաբագետի՝ տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական բախումների թատերաբեմի է վերածվում Իրաքը, որն իր հերթին ազդում է հարևան Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների տրամաբանության վրա: Այդ համատեքստում սիրիական հակամարտությունում ներգրավված մեծ թվով իսլամականների հայտնվելն Իրաքում, դրա հետ մեկտեղ, սիրիական կառավարական ուժերի կողմից կռվող զորամիավորումների դեպի Իրաք շարժվելը որոշակի փոփոխություններ են մտցնում Սիրիայում տեղի ունեցող մարտական գործողությունների մեջ: Կառավարական ուժերի կողմից ինտենսիվ ցամաքային և օդային հարվածներ են հասցվում ընդդիմադիրների զբաղեցրած դիրքերին, այդ թվում սիրիա-իրաքյան սահմանամերձ հատվածներում դիրքավորված և Իրաքից ետ վերադարձող զինյալների շարասյուների նկատմամբ, իսկ ընդդիմադիր զինյալներն էլ իրենց հերթին ակտիվացնում են հարձակումները կառավարական ուժերի դեմ, հատկապես այն հատվածներում, որտեղ սիրիական բանակի թվաքանակի նվազեցում է եղել՝ շարունակելով հրթիռակոծումները ներկայիս վարչակարգի կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ՝ ավելացրեց արաբագետը:
Վերջին օրերին մայրաքաղաք Դամասկոսի և Հալեպի որոշ շրջաններ շարունակ ռմբակոծությունների են ենթարկվում ընդդիմադիր խմբավորումների կողմից, որոնց անմիջապես հաջորդում են սիրիական ռազմաօդային ուժերի հարվածները՝ նպատակ հետապնդելով ճնշել ընդդիմադիր զինյալների տեղակայման օջախները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



