Ինչպես հայտնի է, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ իշխանական «քառյակի» պահանջագրի մի քանի կետերի վերաբերյալ օրերս հարցազրույց է տվել, ինչին արդեն անդրադարձել ենք, եւ յուրովի հիմնավորել իշխանությանը ներկայացրած այդ պահանջները: Նախկին նախագահի այդ հարցազրույցին հաջորդած արձագանքները, այդ թվում՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ի դեպ, միանգամայն սպասելի կարելի է համարել: Ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե Ռ.Քոչարյանի պաշտոնավարման շրջանում քաղաքական լուսանցքում գտնվող գործիչները հրճվանք ապրեին միայն այն բանից, որ նախկին նախագահը ասում է գրեթե նույնը, ինչ իրենք: Սակայն արի ու տես, որ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի նման, կրկնենքб միանգամայն կանխատեսելի արձագանքը մերձ-ԲՀԿ-ական շրջանակների սուր հակադարձման թիրախում հայտնվեց: Ընդհուպ «սկաուտի» կոչման ու, քառորդ դար քաղաքականության մեջ լինելով, քաղաքականությունից բան չհասկանալու մեջ մեղադրվելու աստիճան: Կարծում ենք, այստեղ բավական նուրբ «կոշտուկներ» կան՝ դատելով «բարգավաճների» նյարդային, սուր ու կայծակնային արձագանքից: Խնդիրն այն է, որ ԲՀԿ ներկայացուցիչները ավելի ու ավելի հաճախ ու պարզորոշ են սկսել արտահայտվել քառյակի եւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցության թեմայով: Այսպես` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը, որ ակտիվորեն ներգրավված է քառյակային մյուս երեք ուժերի հետ քննարկումներում, այսինքն՝ այս գործիչը որոշակիորեն կուսակցական դիրքորոշման կրող է, հայտարարել է, որ տեսնում է Ռոբերտ Քոչարյանի եւ քառյակի համագործակցության հնարավորություններ: Սա հետաքրքիր է այնքանով, թե քառյակային մյուս ուժը՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությո՞ւնն էլ է տեսնում նման հեռանկար, թե բացարձակապես չի տեսնում: Իսկ այստեղ արդեն կարելի է նշմարել որոշակի, ինչպես մեծերը կասեին՝ «շորշոփներ»: Համենայն դեպս ՀԱԿ խմբակցության անդամներից մեկը հրապարակավ ասում է, թե՝ «տեսնենք քառյակն ի՞նչ կասի»: Նկատեցի՞ք, Արամ Մանուկյանի նման ընթացքից չի կտրում, «գող-ավազակ» բառապաշար մեջտեղ չի բերում, չի ասում՝ Տեր-Պետրոսյանը կամ Զուրաբյանը կասի, այլ, անորոշ հղում է անում «քառյակի ասելուն»: Ավելին՝ ՀԱԿ-ի տեսակետներն արտահայտող ու պաշտպանող լրատվամիջոցներից մեկն էլ «կտրուկ շարժումներ» չի անում Ռոբերտ Քոչարյանի պահով, այլ անուղղակիորեն տեսնում է համագործակցության ինչ-ինչ եզրեր: Հայրենի քաղաքական իրողություններից, այս տասնամյակներում ձեւավորված ավանդույթներից, հարաբերություններից ու յուրատիպ քաղաքական մշակույթից անտեղյակ մեկին կարող է թվալ, թե ի՞նչ կա որ, թող համագործակցեն, խանչալներից քարաթափում չի լինի: Բայց ողջ հարցն այն է, որ եթե մեր քաղաքական դաշտում մեկն ընդդիմություն է եղել, մյուսը՝ իշխանություն, ապա դա արագորեն վերաճում է անձնական թշնամանքի, ինչպես ասվում է՝ մինչ ի մահ, անգամ դրանից էլ «էն կողմ»: Նման հուզական ընկալումներից զատ չափազանց շատ մեղադրանքներ են հնչեցվել փոխադարձ, եւ եթե հանկարծ ՀԱԿ-ը եւս Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորություններ տեսնի, կհայտնվի բարոյահոգեբանական շատ ծանր կացության մեջ: Անվանապես այն գուցե դեռ գոյություն կունենա արդարադատության նախարարության գրանցամատյաններում, բայց կզրկվի համակիրների վերջին շարքերից: Առավել եւս, որ նախկին ՀԱԿ-ը, որպես շարժում, այդպես էլ չմարսեց «իշխանական» (այն ժամանակ) «Բարգավաճին» Լ.Տեր-Պետրոսյանի արած հիշարժան ռեւերանսները, փրկված բեկորներից կցմցելով ներկայիս ՀԱԿ կուսակցությունը: Միաժամանակ ՀԱԿ-ին կամ Լ.Տեր-Պետրոսյանին մարդաշատ ու հարուստ դաշնակից է պետք: Իսկ այդ դաշնակիցը հենց Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու հեռանկարներ լավ էլ տեսնում է: Ի վերջո, այլ բաներ եթե չհիշենք, ԲՀԿ-ն էլ, ՀՅԴ-ն էլ նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակ իշխանության մեջ էին ու չէին տեսնում կեսի կեսը այն խնդիրների, որոնց մասին հիմա այդքան խոսում են: Ամեն դեպքում նշված երկու ուժերը Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու առումով բարդույթներ չունեն: Դա պարզ է, բայց ի՞նչ անի ՀԱԿ-ը: Նախ, պետք է ենթադրել, «ներքին կարգով» ՀԱԿ առաջնորդը կզսպի կամ կհանդարտեցնի Արամ Մանուկյանին ու նրան համախոհ ՀԱԿ-ականներին: Անձնապես դա երեւի դժվար չէ։ Սակայն համախոհների, այդ թվում՝ Տեր-Պետրոսյանի նախկին զինակիցների ու այսօրվա ամենախիստ քննադատների աղմուկը կարող է շարքերի վրա նկատելի ազդեցություն թողնել: Եվ որքան էլ համագործակցության տարբերակը տեսականորեն տեղավորվում է Տեր-Պետրոսյանի «բուրժուադեմոկրատական հեղափոխության» թեզի ծիրին մեջ, վերոշարադրյալը նկատի առնելով՝ չի կարելի բացառել, որ առաջիկայում ներքառյակային հարաբերությունները որոշակիորեն սրվեն կամ պաղեն:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել