Երկու տասնամյակ առաջ, երբ Արեւմուտքը ռմբակոծում էր տապալվող Հարավսլավիան, ռուսական բանակը կատարեց ապշեցուցիչ ու բավական ապուշ մի գործողություն` ռուս հատուկ դեսանտային ստորաբաժումները կայծակային գրոհով գրավեցին ոչ ոքի կողմից չպաշտպանվող բոսնիական Պրիշտինա քաղաքի օդանավակայանը: Դրանով Ելցինը ուզում էր ցուցադրել Արեւմուտքին, որ Կրեմլը դժգոհ է իր կարծիքը անտեսելու պատճառով, ու ապացուցել սերբերին իր «սլավոնական համերաշխությունը»: Երկու օր անց ռուսական զորքերը սուսուփուս հանձնեցին Պրիշտինայի օդանավակայանը՝ այնտեղ առանց շտապելու հասած ամերիկացիներին, ու վերադարձան տուն: Սլավոնական համերաշխությունն էլ փսկեց: Կրեմլին այն ժամանակ օդի պես անհրաժեշտ էին արեւմտյան փողերը, տեխնոլոգիաները, անգամ սնունդը` հանձինս տխրահռչակ «Բուշի հավի տոտիկների»:
Անցան տարիներ, Կրեմլում հայտարարեցին, որ «Ռուսաստանը ծմկից վեր է կացել», եւ որպես դրա ապացույց` հարձակվեցին ամենամտերիմ սլավոնական երկրի՝ Ուկրաինայի վրա: Կրեմլի նոր տիրակալը պահանջեց եւ անմիջապես ստացավ ռուսական խորհրդարանի համաձայնությունը Ուկրաինա զորք մտցնելու համար: Չհայտարարված պատերազմի ամենաթեժ կետերից մեկը հանդիսացավ Սլավյանսկ փոքր քաղաքը: Դժվար է չտեսնել այստեղ մռայլ մի խորհրդանիշ` հենց Սլավյանսկում կատարվեց սլավոնական երկու ամենամեծ ազգերի արյունոտ բաժանումը, իրական «Սլավոնուհու հրաժեշտը», ինչպես կոչվում է ռուսական բանակի ավանդական քայլերգը, որով ուղեկցում են պատերազմի գնացող զորքը: Այն, որ խորհրդանիշն այս բոլորվին պատահական չէ, հաստատեց հենց ՌԴ նախագահ Պուտինը, այն էլ Հայաստանում` Գյումրվա ռուսական 102-րդ ռազմակայանի իր վերջին ստուգայցի ժամանակ, որը Երեւանում, չգիտես՝ ինչո՞ւ, անվանեցին ռուս նախագահի պաշտոնական այցը Հայաստան: Այնտեղ, Գյումրիում, ինչ-որ հայ ոգեւորված ստրկամոլը ասել էր Պուտինին, որ այս «Սլավոնուհու հրաժեշտը» իբրեւ թե գրվել էր հարյուր տարի առաջ հենց Գյումրվա, կներեք` Ալեքսադրապոլի ռուսական կայազորի զինծառայողներից մեկի կողմից: Պուտինը շատ զգայուն գտնվեց նման երկիմաստ քծնանքի վերաբերյալ եւ պատասխանեց, որ Ռուսաստանը «Սլավոնուհու հրաժեշտ» քայլերգի ներքո չի պատրաստվում լքել Կովկասն ու երբեք հրաժեշտ չի տա:
Սակայն հենց այս օրերին մենք տեսնում ենք, թե ինչպես է նույն Պուտինը հրաժեշտ տալիս Ուկրաինային. նա պահանջեց խորհրդարանից եւ անմիջապես միաձայն հավանություն ստացավ ետ կանչել Ուկրաինա զորքեր մտցնելու վերջերս տված համաձայնությունը: Սլավյանսկը, Լուգանսկը եւ Դոնեցկը մի օրում վերածվեցին Պրիշտինայի օդանավակայանին, որտեղ այդպիսի շուքով ու շքերթով, «ռուսական աշխարհի» ու համերաշխության պաթետիկ կարգախոսներով մտցվում էին ռուսական զորքերն ու «կամավոր» ահաբեկիչները, սակայն կարճ ժամանակ անց այս ողջ արշավանքը փսկեց եւ դիակներ, ավերակներ ու խաբված ազգակիցներին թողնելով, ետ քաշվեց, առանց «Սլավոնուհու հրաժեշտը» քայլերգի: Դե, պարզ է` Կրեմլին առաջվա պես անհրաժեշտ են արեւմտյան փողերը, տեխնոլոգիաները եւ քաղցր կյանքի այլ բարիքները: Թողնենք ռուսներին «Ո՞վ է մեղավոր» եւ «Ի՞նչ անել» ավանդական ռուսական հարցերը` թող նրանք սեփական ղեկավարությանը հարցնեն, թե ինչի՞ն էր պետք այս խելագառությունը, որի արդյունքում մահացու վնաս է հասցվել ռուս-ուկրաինական միջպետական ու ազգամիջյան հարաբերություններին: Մեզ՝ հայերիս, պետք է ավելի շատ հետաքրքի` երբ է «Սլավոնուհու հրաժեշտը» հնչելու Հայաստանում եւ ինչ պայմաններով է այս անգամ ետ քաշվելու ռուսական բանակը: Մենք հիշում ենք նման նահանջները եւ 1916 թվին, եւ 1991 թվին, ու երկու անգամ էլ մենք անպատրաստ եղանք, այդ իսկ պատճառով տանելով մեծ կորուստներ դրան հաջորդած պատերազմներում: Սակայն երկու անգամ էլ մենք կարողացանք ի վերջո ինքնակազմակերպվել ու անցնել ինքնապաշտպանությանը՝ հասնելով հաղթանակների Սարդարապատում ու Արցախում: Այժմ սա կրկնվելու միտում ունի, երրորդ անգամ՝ վերջին հարյուր տարիների ընթացքում: Մեր պատմական փորձը, մեր ազգային շահը պետք է որ զգոն պահեն մեզ այս ճակատագրական պահին եւ թույլ չտան Երեւանը, Գյումրին կամ Ստեփանակերտը վերածել հերթական Պրիշտինայի, կամ առավել եւս` Սլավյանսկի: «Սլավոնուհու հրաժեշտը» լավ մարտական ու միաժամանակ քնարական քայլերգ է, բայց մեր բանակն ունի սեփական քայլերգեր եւ չպետք է քայլի օտար երաժշտության տակ: Այլապես մեր հողի վրա քայլելու է օտար բանակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=781132565253633&set=np.31013295.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել