Իմ ֆեյսբուքյան ընկերուհիներից Ս. Պետերբուրգի համալսարանի դասախոս և հրաշալի մտավորական Ֆլորա Առաքելյանը, տարբեր ելույթներիցս ծաղկաքաղ անելով, ամփոփել է ներքոգրյալ խոսքերը գրված կամ արտասանված տարբեր ժամանակներում։ Այսու ձեզ եմ ուզում ներկայացնել այդ ամփոփումները՝ նրա փոքրիկ հառաջաբանով։

Հաճախ կարելի է հանդիպել Ինտերնետում՝ մասնավորապես ՖԲ-ում բացիկների տեսքով ձևավորված թևավոր խոսքեր: Հիմնականում դրանք հայ կամ աշխարհահռչակ մտածողների ինչ-որ ժամանակ, պատմական հեռավոր անցյալում ասած խոսքեր են՝ իմաստուն, ուսուցանող, կենսահաստատ: Մտածողներ, որոնց կյանքը լցվել է դառնությամբ ժամանակակիցների հալածանքներից, պախարակման և անարգանքի խոսքերից: 
Այնինչ այսօր էլ մեր կողքին ապրում են նրանք, որոնց իմաստուն և պատկերավոր խոսքը կարող է թափանցել հոգու և մտքի խորքերը, հույս տալ, հավատ տալ մեզ մեր ամենօրյա գոյատևման պայքարում: Այդ խոսքը կենարար է, հասկանալի և սպասելի այնքանով, որ գոնե հիշենք մեր սեփական արժեքները և հասկանանք, որ դեռ ամեն ինչ չէ շրջվել այս աշխարհում:
Ֆլորա ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ
ՄԱՐԴ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Նախ, մարդուն ազատություն տալուց առաջ պետք է նրան ինչ-որ մտավոր աստիճանի վրա կանգնեցնել: Որովհետև այլ պարագայում ամեն մարդ իր ձևով կընկալի ազատությունը: Մեկը, որ պարզ անձնավորություն է, իր համար ազատությունը այլ է: Մեկը, որ կիրթ անձնավորություն է, մտավորական անձ, նրա համար ազատությունն այլ է: Հետևաբար, երբ մենք խոսում ենք ազատությունից, հարկ է ճշտել, թե ազատության ո՞ր սահմանն ենք ուզում բացել: Այն, որը գիտի, որ՝ «իմ իրավունքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է ուրիշինը», թե՞...:
Ազատության հարցում ուզենք, թե չուզենք, սահմանափակում կա: Եթե արյան ճնշումը բարձրանում է 140-ից, արդեն դուք հիպերտասիոնի խնդիր ունեք: Ուրեմն ամեն ինչը պիտի լինի իր սահմանների մեջ: Ազատությունն ինքը ընկալման երևույթ է, որ ամեն անձ յուրովի է այն հասկանում: Ազատությունը պիտի երկնի գեղեցիկը: Ստեղծեք գեղեցիկը. արվեստ՝ երաժշտություն, նկարչություն, գրականություն... Ոչ թե ազատություն ասելով ընկալենք միայն ամենաթողության, ինչի ականատեսն ենք մենք այսօր:
ՄԱՐԴԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Երկրի որևէ հարց կլուծվի միայն այն ժամանակ, երբ ամեն մեկ հայ իրեն կզգա այս երկրի քաղաքացին, նվիրյալ քաղաքացին, ինքնազոհ քաղաքացին, այսինքն՝ տերը: 
Երկրի քաղաքացի լինել պարզ հայտարարության մեջ չէ: Երբ մտնես շուկա ու այդ՝ իրեն քաղաքացի հայտարարող մարդը աչքերիդ մեջ նայելով չխաբի, այ, այդ ժամանակ կզգամ, որ ինքը երկրի Քաղաքացին է: Երբ արտասահմանից եկած հային տաքսու վարորդը չխաբի, այ, այդ ժամանակ կզգամ, որ ինքը երկրի Քաղաքացին է: Երբոր մտնենք խանութ և վաճառողը հնացած, հոտած երշիկը ձեզ չվաճառի որպես թարմ, այ, այդ ժամանակ կզգամ երկրի Քաղաքացին: Մարդ պիտի փաստի, և ոչ թե հայտարարի:
Երկրի Քաղաքացի լինելը պատիվ է, այն էլ Հայաստան երկրի:
Ես ուզում եմ, որ մեր երկրի քաղաքացին Հայաստանում զգա իրեն ոչ թե «էս երկրի քաղաքացի», այլ՝ սրբազան Հայաստանի քաղաքացի և այդ գիտակցությամբ նվիրվի իր երկրին և իր ժողովրդին: Որ այդպիսով ազգ դառնանք և ոչ թե մարդկային կույտ, որը չգիտի, թե ինչի համար է ապրում և պայքարում:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՄՈՒԼ
Մեր սերիալները այլասերում, անբարոյականություն են սերմանում, վերացնում են ընտանիքի գաղափարը: Ցուցադրվում են մաֆիայի մասին ֆիլմեր, ուր փառաբանվում է գողն ու ավազակը, անբարոյականը և մարդասպանը:
Խոսքն է մարդու վրա ազդում: Սերիալը մեզ ինչ է անում: Քարոզում է: Ի՞նչ է քարոզում: Ոչ դրական կերպարը: Մենք ինչու ենք մեր սերնդին դաստիարակում բացասականությամբ: Չէ՞ որ, երբ երեխան տեսնում է, թե ինչպես են մարդուն սառնասրտորեն սպանում, ինքը դառնում է վաղվա սառնասիրտ մարդասպանը: Որովհետև ուզում է անպայման այդ կերպարին նմանվել:
Պետք չէ, որ բացասական երևույթները մենք այդքան պրոպագանդենք: Դա մեզ ոչ մի բան չի տա: Ճիշտ հակառակը, կայլասերի մեր հավաքականությունը:
Երբ մի բան արմատախիլ ես անում, դրա տեղը նորը աճեցնելը շատ դժվար է, հատկապես, երբ այնտեղ պիտի դնես նաև ազգային պատիվ, նամուս, ազգային արժեք հասկացությունները ի հակազդեցության նրան, որի անունն է գլոբալիզմ, ազատամտություն և ազատամտության անվան տակ անբարոյականության սերմանում:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է առաքինության կերպար: Եթե ուսումնասիրեք հին աղբյուրները, օտարները հիացել են հայի կերպարով: 10-րդ դարի արձանագրություններ կան Չինաստանում, ուր ասված է, որ հայ առևտրականները բացառիկ արժեք էին ներկայացնում իրենցից, որովհետև նրանց խոսքը խոսք էր, համարժեք էր օրենքի, որ նա չէր կարող երբեք խաբել: Ի՞նչ է այսօր հայ մարդը: «Քցողների» հավաքականություն ե՞նք ձևավորում:
Ես կցանկանայի, որ ի մասնավորի, մեդիան՝ լրատվությունը, գտնվեր այնպիսի բարձրունքի վրա, որ նա հասարակությանը ձևավորեր բարոյական կերպարի, ներողամտության, սիրո հավաքականությունից ներս, և ոչ թե այդ ամենը թողնվեր միայն եկեղեցու վրա: Մենք իրար հետ գործ ունենք կատարելիք, որովհետև մեր նպատակը Ազգին ձևավորելն է:
ՄԱՐԴԸ ԵՎ ԱԶԳԸ
Որպեսզի հասարակությունը հանդարտվի, պետք է , որ բոլորը գործեն օրենքի սահմաններից ներս: Ոչ-մի ընտրյալ հասկացողություն չպիտի լինի: Ֆրանսերենով կամ լատիներենով «մինիստր» ծառա է նշանակում: Գիտեք, որ եկեղեցում եպիսկոպոսը, կաթողիկոսը կոչվում են «հոգևոր սպասավոր»: Այսինքն՝ իր ժողովրդի ծառա: Ամեն մարդ այս գիտակցությունը պիտի ունենա. ծառա լինել իր ժողովրդին, ծառայել իր ժողովրդին, և ոչ թե ժողովրդին ծառայեցնել իր անձնական շահի համար: Այդպես ազգ և պետություն չի ստեղծվում:
Մեր հասարակությունը այսօր մատնված է անորոշության, որովհետև չգիտի իր տեղը, ով է ինքը հասարակություն կոչված հավաքականությունից ներս:
Օրմանյանի խոսքերով՝ ինչ կարող է տալ հայ հոգևորականը: Խրատ և աղոթք: Աղոթքը ուզող չկա, խրատը լսող չկա:
Ամեն ինչը գետնին, զրոյին հավասարեցնելով ազգային հարց չենք կարող լուծել:
Ես ուզում եմ, որ հասարակությունը ձևավորվի ոչ թե ատելությունն ու թշնամանքը հիմք ունենալով, այլ սերը, եղբայրասիրության ոգով միությունն ու միասնականությունը:
ԱՍՏՎԱԾ ԵՎ ՄԱՐԴ
613 պատվիրաններ կան Աստվածաշնչում գրված, որոնցից ամենակարևորն է՝ «Սիրիր քո Աստծուն և պատվիր քո ամբողջ էությամբ»:
Ագրեսիան, դաժանությունը գալիս է նրանից, որ մարդու մեջ վերացրեցին սրբության գաղափարը, Աստծու վախի գաղափարը: Մարդը գեղեցիկ է բարոյական սահմանների մեջ: Ամենադաժանն է այդ բարոյական սահմաններից դուրս: Ոչ մի կենդանի բնության մեջ չի կարող այնպիսի գազանություն գործել, ինչպես մարդ արարածը, եթե նրա գիտակցության մեջ չկա Աստվածային վախը: Ուրեմն, մարդը այսօր վերածվել է մի կենդանու, որի մեջ բանականությունը դադարել է գործելուց: Անխղճությունն է արժևորվում: Եվ այստեղից են բոլոր բացասական երևույթները: 
Ագրեսիան գալիս է անաստվածությունից:
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եթե այսօր հայ մտավորականը գողական ժարգոնով է խոսում, ինչ սպասենք նրանից, եթե նա պիտի լիներ ամենազորավոր պաշտպանը հայոց սրբազնասուրբ լեզվի:
Հայ մտավորականը պիտի լինի հոգևոր և բարոյական արժեքի կրողը: Հայ մտավորականը պիտի լինի Քրիստոսի կերպարը, առաջին խաչ բարձրացողը՝ հանուն իր ազգի և հանուն իր գաղափարի:
ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
Ի՞նչ անես, երբ մեկի համար արժեքը ուժն է:
Բարոյականությունը աղավաղելով մենք այլասերում ենք մեր ազգային, հոգեվոր դեմքը և դիմագիծը:
Մեզ համար պարզ չէ, թե ինչ է նշանակում Ժողովրդավարություն: Մեզ համար պարզ չէ , թե ինչ է նշանակում Կյանք: Մեզ համար պարզ չէ , թե ինչ է նշանակում բանական, հոգևոր Մարդ արարած: Մենք այսօր ապրում ենք պարզապես գոյատևելով:
Ժողովուրդը հասել է մի կետի, որ կարևորություն է տալիս միայն ինքն իրեն, բայց ոչ իր սրբությունը: Այն ազգը, որ իր սրբությանը սկսեց կարևորություն չտալ, դատապարտված է ոչնչացման: Որովհետև սրբությունն է ժողովրդի միասնականության ուժը:
ԵԿԵՂԵՑԻ
Այսօր բոլորն են հարցնում. «Ուր է հայ եկեղեցին»: Հայ եկեղեցին ամեն մեկ հավատացյալի սրտի մեջ է: Մի փնտրեք կառույցը որպես եկեղեցի: Եթե մարդը իր հոգին չի վերածել եկեղեցու, քարեղեն եկեղեցիները չեն կարող ոգեղեն արժեքները տալ:
Եկեղեցին բոլորի համար է հասարակական կառույց: Եկեղեցին բոլորին է ասում՝ մի գողացեք, մի շնացեք, երկիրը անառականոցի մի վերածեք, ո՜վ հայ կին, մի գնա թուրքիա և անբարոյականությամբ մի զբաղվի, մի գնա արաբական երկրներ և անբարոյականությամբ մի զբաղվի: Միայն Հայաստանի մեջ 400 աղջիկ ամուսնացել են և դարձել են մահմեդական:
Կուզեմ, որ եկեղեցուն այդպես մամլակի տակ չվերցնենք և տրորենք: Եկեղեցին կարող է անել այն, ինչ կարող է:
Ժողովրդի բարօրությունը եկեղեցու ուժն է: Եկեղեցին ինչ ուժ ունի իր միջոցով անելու, ամեն ինչ անում է՝ բարեգործական ճաշարաններ, հայորդյաց տներ, աղքատներին օգնություն, մանկատներ, ծերանոց...
Այն՝ ինչ կարող ես անել սիրելով, չես կարող անել բռնությամբ: Պետք չէ պահանջել, որ եկեղեցին ատելության խոսքերով հանդես գա, այլ՝ սիրո խոսքերով և գիտակցությունը բարձրացնելով:
Եկեղեցին իրավապաշտպանի կերպար չունի: Նա բարոյապաշտպանի կերպար ունի:
Եթե եկեղեցին կանգնում է թույլի կողքին, ուրեմն նա կանգնում է մյուսին ընդդեմ:
Մենք չենք ուզում բաժանել ժողովրդին: Բաժանվելը մի բան է, հրահրելը՝ մեկ ուրիշ բան: Եղբորը եղբոր դեմ ե՞նք ուզում հանել: Ի՞նչ կոչեր ենք անում այսպես: Սա ՞ է մեր նպատակը:
Կաթողիկոսը արժեք է համայն հայության համար:
Չի կարելի եկեղեցու գործընթացները փորձել ներկայացնել բաղնիքային փոխհարաբերությունների նման, ուր ամեն ինչը մերկ պիտի տեսնենք: Կաթողիկոսը իր բանակցությունները բեմի վրա չի անում՝ թատրոն սարքելու համար:
Օտարը եթե ուզում է մեզ՝ հայ առաքելական եկեղեցուն ոչնչացնել, ես հասկանում եմ: Բայց մե՞նք ինչու ենք ուզում մեզ նվաստացնել այդ աստիճան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել