Թեև ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթի ժամանակ հնչեցվող հարցերը քննադատական էին ու թիրախային, բայց, այնուամենայնիվ, թույլ էին: Ալևին իր իրական տեղը ցույց տալու համար եվրոպացի խորհրդարանականների սուր հարցերը բավական չէին, հատկապես եթե հաշվի առնենք Ալիևի կողմից դրանց տրված լկտի պատասխանները: Հետևաբար պետք էր ոչ թե նստել և լսել նրան, իսկ վերջում էլ ծափահարել, այլ առհասարակ դահլիճը լքել: Քանզի, մեղմ ասած, ավտորիտար մի առաջնորդ իր ելույթով լուրջ մարտահրավեր նետեց ողջ Եվրոպային ու Արևմտյան հանրույթին: Ծափահարելով Ալիևին՝ ցինիկ ու կեղծ ելույթի համար՝ Եվրոպան այլևս իրավունք չունի հերքել, որ իր կողմից վարվող քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան պարզունակ երկակի ստանդարտների քաղաքականություն:
Երբ Ալիևը խոսում է մարդու իրավունքների, մամուլի ազատության, հիմնարար ազատությունների, փոքրամասնության իրավունքները` որպես ֆունդամենտալ իրավունք ճանաչելու ադրբեջանական քաղաքականության մասին ու միաժամանակ վկայակոչում Ֆրանսիային, Գերմանիային ու մյուս երկրներին, որ նրանք նույնպես Ադրբեջանի հետ նույն մակարդակում են այս հարցերում, իսկ դրանից հետո նրան ծափահարում են, ապա դա նշանակում է, որ Մերկելի և Օլանդի իշխանությունները ոչնչով լավը չեն ալիևյան կլանից, իսկ եթե լավն են, պարոնայք եվրոպացիներ, ապա պետք է ոչ թե ծափահարել, այլ Ալիևին իրականություն վերադարձնել:
Ոչ մի նշանակություն չունի այն, որ դուք շատ լավ տեղյակ եք ադրբեջանական իրականությանը, և գիտեք, որ Ալիևը ստում է Ձեզ բոլորիդ, պետք է նրան ադեկվատ պատասխան տալ: Միակ ադեկվատությունը դահլիճ ներխուժած ակտիվիստներն էին: Այս նախադեպը պետք է դարձնել շարունակական ու հետայսու Ադրբեջանի նախահագության ժամանակ միշտ նման ադեկվատ քայլերի առաջ նրան կանգնեցնել, որպեսզի այդ մարդը համոզվի, որ Ադրբեջանը Գերմանիա չէ, իսկ Եվրոպայում էլ խաղաղ ցույցերի համար 8 տարվա ազատազրկման չեն ենթարկում մարդկանց: Այնպես որ, ԵԽԽՎ-ն դեռ շանսեր ունի Ադրբեջանին իր իրական տեղը ցույց տալու համար: