Քաղաքականությունն էլ սպորտի պես մի բան է։ «Ֆորմայի» մեջ մնալու համար անընդհատ պետք է զբաղվես դրանով։ Անգամ մի քանի ամիս ընդմիջումը զգացնել է տալիս։ Ապացույցը՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն է։ Մեծ քաղաքական թեմաները նրա քաշային կարգն այլևս բարձրացնել չի կարող։
1. Տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի հետ կապված. արդեն որոշակի փոփոխություններ կատարվում են օրենսդրության մեջ և Երևանի ավագանու կողմից։ Եվ հավանաբար տեսնելով, որ շատ շուտով այլևս ասելիք չի մնա, փորձել է ինչ-որ բան ասել՝ քննադատներից հետ չմնալու կամ առիթը բաց չթողնելու համար։ Չէ՞ որ նման թեմաներով քննադատությունները հանրությանը հաճոյանալու լավ ձև են։
2. Եթե խոսվում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ, ապա չպետք է մոռանալ, որ այդ մասին անընդհատ բարձրաձայնվում էր նաև իր նախագահության օրոք։ 10 տարի ժամանակ ուներ, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը 1998-2008թթ. չգնաց 100-տոկոսանոց ընտրակարգի ընդունմանը։ Ի տարբերություն Քոչարյանի՝ իշխանություններն այսօր ասում են, որ երկրում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ սահմանադրական բարեփոխումների տեսքով։
3. Ի՞նչ է նշանակում ընդդիմությանն օժտել վերահսկողական լծակներով։ Ընդդիմության գործը, եթե չենք սխալվում, պետք է լինի պայքարը իշխանական համակարգի դոմինանտ ռեսուրսները ձեռք բերելու համար։ Եթե ընդդիմությունը իշխանական համակարգում ստանում է լծակներ, ապա էլ ի՞նչ ընդդիմություն։ Եվս մեկ նկատառում՝ Ռոբերտ Քոչարյանի շարադրանքը սկսել է համընկնել Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերին։ Ձեռագիրը կարծես թե նույնն է։ Ով ում պլագիատն է, ժամանակը ցույց կտա։