Կյանքիս մեջ որևէ անգամ ռուսական թիմերին չեմ երկրպագել, ինչ սպորտաձև էլ որ լինի, ու այդ հանգամանքը կապված չէ ռուսին սիրել-չսիրելու հետ. շատ ժամանակ լավ էլ ռուսներին սիրում եմ:
Խորհրդային տարիներին պրոֆեսիոնալ սպորտով զբաղվածները կհիշեն, որ միութենական մակարդակով, ոչ սլավոնական հանրապետություններից սպորտսմենները հազվադեպ էին ընտրվում խորհրդային հավաքականներում, իսկ ընտրվելու դեպքում էլ «էկզոտիկայի» համար էին նրանց ներգրավում, որ աշխարհին ցույց տան, թե ինչպիսի ինտերնացիոնալ երկիր է Խորհրդային Միությունը, իսկ իրականում հիմնականը սլավոններն էին դառնում խորհրդային հավաքականների դեմքը:
Խորհրդային ոչ սլավոնական հանրապետությունների շատ արժանավոր սպորտսմենների «զասուդիտ» էին անում ու մղում երկրորդ պլան:
Միայն գերտաղանդավորներին էր հաջողվում կոտրել այդ պատը, իսկ շատ ժամանակ էլ նրանք նույնպես կոտրվում էին՝ հանդիպելով սովետական անարդար «ընտրությանը»: Այդ իսկ պատճառով էլ խորհրդային տարբեր տարիքի հավաքականները ոչ թե ներկայացվում էին արժանավորների կողմից և «հաղթող» թեկնածուները, այլ հիմնականում միջակությունները՝ նամանավանդ թիմային սպորտաձևերում, դրա համար էլ Խորհրդային Միությունը ունենալով համաշխարհային մակարդակի սպորտսմեններ, չէր կարողանում նրանց մինչև վերջ ներկայացնել, դեռ ավելին՝ չհաշված եզակի բացառությունները չէր ունենում համաշխարհային մակարդակի հիշարժան հաղթանակներ:
Այժմ խորհրդային ավանդույթներին հավատարիմ՝ նույն բանը կարծես կատարվում է Ռուսաստանի Դաշնության հետ, երբ կրկին փորձում են ազգությամբ ռուս սպորտսմեններին առաջ տանել, իսկ չեչեն, դաղստանցի, կոբարդին, օս, ինգուշ, հայ, վրացի, ադրբեջանցի և այլ Ռուսաստանում ապրող ազգերի տաղանդավոր սպորտսմենները մնում են ստվերում, դրա համար էլ Ռուսաստանը պարտությունը պարտության ետևից է «տոնում»:
Նույն բանը կատարվում է ռուսական քաղաքականության մեջ: Նրանք նախկին խորհրդային հանրապետություններում փորձում են դաշնակից գտնել՝ ի դեմս թույլ և միջակ քաղաքական գործիչների, շատ ժամանակ կոռումպացված և հանցագործ, քանի որ ըստ ռուսական կողմի, այդպիսի գործիչների հետ աշխատելը «հեշտ» է, որովհետև հազարավոր վարկաբեկիչ նյութեր կան նրանց վրա, և երբ ցանկանա, Ռուսաստանը այդ նյութերը կարող է օգտագործել տվյալ գործչին իր ցանկացածը թելադրելու համար:
Ռուսաստանի իշխանություններին թվում է, որ ետխորհրդային հանրապետությունների սկզբունքային գործիչները վտանգ կարող են ներկայացնել Ռուսաստանի համար, քանի որ նրանց վրա Ռուսաստանը որևէ լծակ չունի ազդելու և Արևմուտքը կարող է իր ազդեցության տակ վերցնել այդ գործիչներին: Նույն կերպ էլ խորհրդային տարիներին էին վախենում այն տաղանդավոր սպորտսմեններից գիտնականներից, դերասաններից, արվեստագետներից… որ նրանց արտասահման «դուրս թողնելու» դեպքում Արևմուտքը կարող է գայթակղիչ առաջարկներ անել նրանց և նրանք հեռանան Խորհրդային Միությունից ու ներկայացնեն որևէ արտասահմանյան երկիր: Խորհրդային Միության իշխանությունները չէին հասկանում, որ ոչ արժանավորներին առաջ մղելով, ավելի մեծ հիասթափություն ու թշնամանք են առաջացնում ժողովրդի մեջ և Խորհրդային Միությունից «փոխնելու» ավելի մեծ մղում, քան եթե թույլ տային, որ արժանավորները ներկայացնեին երկիրը:
Հայաստանի դեպքում միայն Խորհրդային Միության փլուզման տարիներին Հայաստանը ունեցավ արժանավոր ընտրված իշխանությունները, քանի որ Ռուսաստանը զբաղված էր այլ՝ իր համար ավելի կենսական հարցերի լուծմամբ, և ժամանակ չուներ Հայաստանում միջակություններին առաջ մղելուն, դրա համար էլ Արցախյան պատերազմում ունեցանք փայլուն հաղթանակներ և նույնիսկ ռուսական շահերը չտուժեցին այդ ընթացքում, ինչքան էլ ոչ ռուսական համարվեին ՀՀ այն ժամանակվա իշխանությունները:
1998 թվականի հեղաշրջումից հետո, երբ Հայաստանում իշխանության եկան Ռուսաստանի կողմից լիարժեքորեն վերահսկելի և միլիոնավոր վարկաբեկիչ նյութերով տարբեր հատուկ ծառայություններից կախված ուժերը, դրանով ոչ թե Ռուսաստանի ազդեցությունը մեծացավ տարածաշրջանում, այլ հարյուրապատիկ անգամ իջավ և Ռուսաստանն էլ այժմ Հայաստանում ասոցացվում է Սերժիկ Սարգսյանի, Գեղամյանի ու Բաբուխանյանի տիպի գործիչներին քաջալերող երկրի հետ, որն ամեն ինչ անում է, որպեսզի երկրի իրական ընտրյալները չգան իշխանության և չվարեն ինքնուրույն քաղաքականություն:
Իհարկե, նույն բանն էլ անում է Արևմուտքը, երևի մի փոքր ավելի խելոք ձևով, քանի որ նրա համար էլ է ավելի հեշտ աշխատել կոռումպացված և անսկզբունքային գործիչների հետ, դրա համար էլ այժմ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է, իսկ Յանուկովիչն էլ Ռուսաստանում տաքուկ նստած ինչքան էլ Ռուսաստանի թելադրած հայտարարությունները անի, միևնույնն է, դրանով պատերազմը չի դադարի:
Անարժանավորնների վրա խաղադրույք դնելով՝ ինչքան էլ խաղադրույքը կանխատեսելի լինի, միևնույնն է, վերջնահաշվարկում այն բերում է պարտության, որին ամեն օր ականատես ենք լինում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ կոնկրետ Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/709055379133915?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել