unnamed-(1)1in.am-ը գրում է.

Ձգտելու ենք շարունակել նախորդ տարվա ավարտին վերսկսված ուղիղ երկխոսությունը ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների միջև: Այսօր Երևանում՝ արտաքին գործերի նախարարությունում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Մասնավորապես, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ՌԴ նախարարն ասաց, որ ՀՀ իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման թեման: Ըստ նրա՝ Ռուսաստանը և՛ երկկողմ ձևաչափում, և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ հետաքրքրված է հակամարտության արագ կարգավորման հարցում:

«Մենք ելնում ենք նրանից, որ խնդրի լուծման հիմք կա: Ես նկատի ունեմ այն սկզբունքները, որոնք ամրագրված են Ռուսաստանի, Ամերիկայի և Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիների ընթացքում, և հիմա ամենակարևորն է համաձայնեցնել այդ սկզբունքների պրակտիկ իրագործման չափորոշիչները և հետևողականությունն այն քայլերին, որոնք պետք է իրականացվեն այս ուղղությամբ: Ռուսական կողմը, որպես այդ համանախագաներից մեկը, փորձելու է ձգտել, որպեսզի շարունակենք նախորդ տարվա ավարտին վերսկսված ուղիղ երկխոսությունը ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների միջև և աջակցելու ենք չկարգավորված հարցերի կարգավորման կապերը գտնելուն»,- ասաց Սերգեյ Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել