Երբ Ազգային ժողովում քվեարկվում էր կառավարության ծրագիրը, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը քվորումի խնդիր ուներ, քանի որ նույնիսկ 1 պատգամավորը կարևոր էր ծրագիրն անցկացնելու համար: Դա էր պատճառը, որ ՕԵԿ-ից Կարեն Բոթոյանին ուղղակի «գողացան»:
Ինչի՞ համար եմ սա ասում: Հիմա տեսեք, ԱԺ վերջին արտահերթի ժամանակ ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն չի կարողանում ինքնուրույն նախագծերը անցկացնել, դրա համար դիմում էին ուրիշի փոխարեն քվեարկելուն:
Սա, իհարկե, ՀՀԿ-ի վարկանիշի վրա ազդում է, քանի որ տեսախցիկները ֆիքսում են, թե ինչպես են ՀՀԿ-ականները իրենց գործընկերների փոխարեն քվեարկում:
Ինչ խոսք, ՀՀԿ-ի համար դժվար չէր լինի, օրինակ, ԲՀԿ-ից մի քանի օլիգարխ բերման ենթարկել ու քվեարկել տալ, սակայն դա տեղի չի ունենում: Տեղի չի ունենում մի պարզ տրամաբանությամբ: Նախ քաղաքական դաշտում հետաքրքիր դասավորվածություն կա՝ ԲՀԿ-ն չի հայտարարում, որ ինքն ընդդիմություն է: Նա այլընտրանք է, մի բան, որ քաղաքական պատմությանն անհայտ է: Եվ վերջապես, ԲՀԿ առաջնորդը վարչապետի խնամին է, իսկ, ինչպես գիտենք, Հայաստանում խնամիությունը քաղաքական կատեգորիա է, ինչքան էլ խնամիներով հակառակը պնդեն: