Միշտ էլ ցանկացած երևույթից, անգամ ամենասարսափելի, ամենաաղետաբեր արհավիրքներից կորցնողների, տուժվածների կողքին գտնվում են նաև օգտվողներ, շահողներ, միակ տարբերությունը նրանց թվային անհամեմատ հարաբերակցությունն է. ինչպես կասեր մեծն Էյնշտեյնը՝ «ամեն ինչ հարաբերական է, բայց»...
Ամենաթարմ օրինակը՝ իրաքյան հիմնախնդիրը: Իսլամական ծայրահեղ արմատական «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորման կողմից Իրաքի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջաններում գրանցած հաջողությունների, գրաված լայնածավալ տարածքների, դրա հետևանքով հարյուրավոր զրոհերի, տասնյակ-հազարավոր փախստականների, ավերածությունների, նյութական կորուստների կողքին եղան նաև ստեղծված առիթից օգտվողներ, իրավիճակը սեփական շահերին ծառայեցնողներ:
Այս համատեքստում, իհարկե, պետք է նշել, որ ԻՇԻՊ-ի ձեռնարկած լայնամասշտաբ հարձակումը մեծ հնարավորություններ ընձեռեց ներիրաքյան տարաբնույթ տարրերի համար, որոնք տարբեր դրդապատճառներով՝ վրեժից մինչև ազդեցության տարածում, դուրս եկան Իրաքի շիայական իշխանությունների դեմ: Այսպես, ԻՇԻՊ-ի զինյալների հետ միասին իրաքյան կառավարական ուժերի դեմ կռվում են մոտ 80 արաբ ցեղախմբերի զորամիավորումներ (այսպես կոչված` «Իրաքի ցեղերի ռազմական խորհուրդի» ստորաբաժանումները), Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեինի բանակի զինվորները և սպաները, ինչպես նաև Նակշբանդիական բանակը (իսլամի սուֆֆիական միաբանություններից մեկը, որն ամուր և բավական ազդեցիկ դիրքեր ունի Իրաքի սուննիական շրջաններում)՝ նախկին փոխնախագահ Իբրահիմ ադ-Դուրիի գլխավորությամբ, որի կազմում են հազարավոր «ԲԱԱՍ» կուսակցության անդամներ, իրաքյան «Մուսուլման եղբայրների», սուֆիական այլ միաբանությունների ներկայացուցիչներ և այլն. վերը թվարկվածներից ում ինչ կհասնի, ցույց կտա ժամանակը:
Ստեղծված իրավիճակից էականորեն օգտվեց նաև Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարությանը (ԻՔՏԿ), որը կարողացավ ի շահ օգտագործել առկա նպաստավոր պայմանները՝ սեփական տարածքներն ընդլայնելու համար: Խոսքը վերաբերում է Իրաքի հյուսիսում գտնվող կարևորագույն նավթաարդյունաբերական կենտրոն հանդիսացող Քիրքուքի նկատմամբ քրդերի դրսևորած հավակնություններին, որը տևական ժամանակաշրջան վիճելի տարածք էր համարվում կողմերի միջև, և 2009-2012 թթ. ընթացքում մեկ անգամ չէ, որ շրջանի պատկանելիության վերաբերյալ վեճը սպառնացել է զինված ընդհարման պատճառ դառնալու Բաղդադի և Էրբիլի միջև:
Եվ ահա, իսլամականների գրոհից հետո իրաքյան բանակի ձախողմանը և նահանջին զուգահեռ՝ Քիրքուքն անցավ քրդական փեշմերգայի վերահսկողության տակ:
Վերոնշյալը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Իրաքում ստեղծված իրավիճակը հնարավորություն է ընձեռում ԻՔՏԿ-ին՝ նաև ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու, մասնավորապես՝ նավթի ինքնուրույն վաճառքի հարցում: Ինչ խոսք, սա Էրբիլի առաջին փորձը չէ, իրաքյան կառավարությանը շրջանցելով, «սեփական» նավթը արտահանելու, այդ նպատակով քրդական իշխանությունները նույնիսկ առանձին նավթամուղ էին հիմնել՝ դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ, թեպետ արևմտյան ընկերությունները հրաժարվում էին ձեռք բերել «մաքսանենգ սև ոսկին»՝ խուսափելով իրավական անբարենպաստ հետևանքներից:
Մինչդեռ, ասվածի տրամաբանության սահմաններում, Իրաքում տեղի ունեցող գործընթացներն էլ կարող են օգտագործվել նաև տարածաշրջանային և արտքին որոշ պետությունների կողմից՝ Իրաքյան Քրդստանի տարածքից արտոնյալ պայմաններով նավթ ձեռք բերելու համար:
Եվ ահա, հունիսի 21-ին իսրայելական մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Reuters լրատվական գործակալությանը, միաժամանակ տեղեկատվական բնույթի նյութ հրապարակեցին՝ «Իսրայելը դարձավ իրաքյան նավթի առաջին «ապօրինի» գնորդը», «Քրդերը Իսրայելին նավթով կապահովեն» և այլ նմանաբովանդակ վերնագրերով: Բանն այն է, որ հունիսի 21-ին իսրայելական Աշդոդ նավահանգստում խարիսխ է գցել SCF Altai բեռնանավը՝ քրդական նավթով բեռնված:
Թեպետ իրաքյան կառավարությունն արդեն իսկ դատական սանկցիաներով է սպառնացել քրդական ապօրինի նավթի պոտենցիալ գնորդներին, այնուամենայնիվ, Իսրայելում կարծում են, որ, Բաղդադը որևէ էական քայլ չի կարող ձեռնարկել, քանի որ իրենք, ի տարբերություն ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք պետությունների, ոչ մի պարտավորություն չունեն Իրաքից նավթի ներկրման հարցում, երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, և, բացի այդ, Բաղդադը մասնակցում է Հրեական պետության դեմ հայտարարված համաարաբական բոյկոտին:
Ինչևէ, Մերձավոր Արևելքում ընթացող ներկա գործընթացներն իրենց հետևանքներով և մասշտաբներով, աղետաբեր լինելով հանդերձ, ինչ խոսք, ստեղծում են նաև որոշ հնարավորություններ, բայց այս դեպքում, հարաբերակցությունն անհամեմատական է, իսկ տարածաշրջանից դուրս եկող սպառնալիքներն ի զորու են պատճառել անգամ համամարդկային կորուստներ: 

 Կից նյութը այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել