Ամեն անգամ, երբ արցախյան պատերազմական թեմատիկայով որեւէ տեսաֆիլմ եմ դիտում կամ հուշագրություն կարդում (որոնց պակասը մեր օրերում ասես չկա), անմիջապես հիշում եմ Վազգեն Սարգսյանի «Հացի փորձություն» վիպակի, ըստ իս` հանճարեղ տողերը. «Պատերազմը պատմելու բան չի, պատերազմը պետք է ապրես, պետք է զգաս սեփական մաշկով, սեփական հոգով, արյունով»: Չեմ կարող լսել մեր այն արվեստագետ «ընկերների» հիմնավորումներն ու արդարացումները, թե իբր գեղարվեստական բարձրարժեք գործեր կարելի է ստեղծել նաեւ Արցախից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող տաքուկ բնակարաններում ու շքեղ կահավորված ստուդիաներում, ընդամենը քուջուջ անելով մեր` Արցախի պատերազմական քրոնիկան ստեղծած մի խումբ հեռուստալրագրողների արխիվային նյութերում: Չեմ փորձում վիճարկել իմ «տաղանդավոր» ընդդիմախոսների տեսակետը, սակայն չեմ էլ կարողանում գլխիցս հանել Սպարապետի «պատերազմը պետք է ապրել» տողերը:
Ես հիմա էլ այն կարծիքին եմ, որ պատերազմի մասին մեզ համար ընկալելի լեզվով կարող են պատմել միայն նրանք, ովքեր այն դժնդակ օրերին կանգնել են խրամատում արնաքամ լինող, ցավից տնքացող, հաճախ` անօգնական զինվորի կողքին, ովքեր զգացել են հարազատ օջախները պարտադրված հանձնող ֆիդայիների հոգու խռովքը, ովքեր տեսել են ամիսներ շարունակ նկուղներում պատսպարված ծերերի, կանանց ու երեխաների աչքերում սողոսկած վախի բութ արտացոլանքը, ովքեր նրանց հետ աղոթել են հույսի ու լույսի վերջին ապավեն` հայ զինվորի ոգու զորության համար:
Երեկ Ստեփանակերտում հանդիսատեսի դատին հանձնվեց իմ կողմից շատ հարգված ու սիրելի գործրնկեր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմը: Նախ ասեմ, որ ֆիլմի հաջողությանը մեծապես նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ Ջիվանը սեփական մաշկի վրա է զգացել պատերազմի դաժան հետքը, ում մանկական հոգին պղտորվել է արյան, մահվան, սովի տեսարաններից, սակայն ով կարողացել է հանդիսատեսին «խնայել»` նրան հնարավորինս հեռու պահելով իր հոգում ընդմիշտ դաջված վախի, ցավի ապրումներից, նրան հրամցնելով «պատերազմի հետեւանքով կիստ մնացած մանկության, կյանքի փշրանքներից գոյացած սփոփանքի եւ վերագտած արժեքների գեղեցկության մասին» մի հիանալի պատմություն: Կարճ ասած. պատերազմական դրամա` սքողված խաղաղության թեմատիկայով. Ահա իմ տպավորությունը ֆիլմից եւ ըստ իս` ֆիլմի գլխավոր արժանիքը: Ես հպարտ եմ, որ իմ ընկերը պատվով է հաղթահարել այդ դժվարին հակադրությունը:



