Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը որոշել է այն աստղակերպը, դեպի ուր մոտավորապես 10 տարի անց կարող են ուղևորվել ամերիկացի աստղանավորդները: Ինչպես տեղեկացնում է NASA-ն, այն ունի 2011 MD պայմանական անվանումը, իր ուղեծրում պարբերաբար անցնում է Երկրից հարաբերականորեն մոտ տարածության վրա:
Spitzer ուղեծրային աստղադիտակի միջոցով հաջողվել է պարզել, որ աստղակերպի տրամագիծը կազմում է 6 մետր, իսկ զանգվածը՝ շուրջ 100 տոննա:
Պլանավորվում է, որ 2019 թվականին դեպի աստղակերպ կարձակվի ավտոմատ ապարատ, որը նրա վրա կնետի մետաղական ցանց (ինչպես ինժեներներն են ասում «դրան կնստեցնի պարկի մեջ») և կքաշի Լուսնի շուրջը գտնվող կայուն ուղեծիր: Մոտավորապես 2020-ական թվականների կեսերին դեպի այդ աստղակերպը կուղարկվի օդաչուավոր տիեզերանավ՝ անձնակազմով:
Մյուս տարբերակը ենթադրում է, որ լուսնաշուրջ ուղեծիր դուրս կբերվի ոչ թե ամբողջ աստղակերպն, այլ դրա մի բեկոր՝ մեծ գլաքարի չափով: Այդ դեպքում ստիպված կլինեն գիտափորձի համար ընտրել ոչ թե 2011 MD-ն, այլ ավելի խոշոր աստղակերպ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



