Tert.am-ը գրում է.
ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով հունիսի 16-18-ը Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի «Ռոս-Ռոութ» սեմինարի մասին՝ նշեց, որ ամբողջ քննարկման ընթացքը ցույց էր տալիս, որ ադրբեջանական խորհրդարանական պատվիրակներն ուղղակի պատրաստ չէին երկխոսության։
«Մենք կոչ էինք անում կառուցողական երկխոսության մեջ մտնել, բայց իրենց վայրահաչությունը, վիրավորական արտահայտություններն ուղեկցում էին ամբողջ ընթացքում, ու լուրջ քննարկում է ծավալվել տարբեր խնդիրների շուրջ, այդ թվում ԼՂՀ-ի»,- ասաց նա։
Կորյուն Նահապետյանի խոսքով՝ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները գրեթե մասնակցություն չունեցան քննարկումներին, և դրա հիմնական մեղավորը ադրբեջանական կողմն էր. «Իրենք անընդհատ հիշեցնում էին, որ «օկուպացված» տարածքներ կան, հայերը տեռորիստներ են, ու չէինք կարող չարձագանքել, եթե խոսքը գնում էր ագրեսիայի մասին: Մենք հստակ ասացինք, որ ագրեսորը Ադրբեջանն է, որովհետև ագրեսիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ և իրենց սանձազերծած պատերազմի արդյունքում իրենք կրել են պարտություն և որպեսզի հարատև խաղաղություն հաստատվի, պետք է նստել ԼՂՀ ժողովրդի հետ բանակցությունների սեղանի շուրջ, և ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային հիմնական կողմը, և միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել հարատև խաղաղության, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրներին»,- շեշտեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



