Ռուսաստանը սկսել է մեծ խաղ փոքր տարածքում, և վերջինիս ամենածանրակշիռ խաղացողներից մեկը կատարել է բավական մեծ քայլ՝ այց տարածաշրջան՝ ներկա բարդագույն գործընթացների բովում:
Ռուսաստանը կովկասյան աշխարհաքաղաքականությունը պայմանավորում է 3 գործոնով՝ ներկա գլոբալ քաղաքական իրավիճակում՝
1 կոնֆլիկտի կառավարում՝ ԼՂՀ հակամարտություն.
2. գեոստրատեգիա՝ Հայաստանում ռազմաբազաների առկայություն.
3. գեոէկոնոմիկա՝ Բաքվի էներգառեսուրսներ.
4. կազմակերպական-իրավական նախագծում՝ Եվրասիական տնտեսական միություն:
Նշյալ ռազմավարությունն ուղեկցվում է սիմետրիկ հակակշռման կամ ուժերի հավասարակշռման մարտավարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն ու Հայաստանը չպետք է կարողանան միմյանց գերազանցել այնքան, որպեսզի նրանց նկատմամբ ճնշման մեթոդը միշտ գործուն էֆեկտ ապահովի: Այսպիսով, Հայաստանը ներառվում է ԵՏՄ, ՀԱՊԿ ծրագրերում, սակայն, միևնույն ժամանակ, ԵՏՄ անդամակցությունը հետաձգվում է, իսկ Բաքվին էլ շարունակվում է ահռելի քանակությամբ զենքի վաճառքը, որպեսզի Ադրբեջանի դերակատարությունը չնվազվի՝ հնարավորություն բացելով նաև վերջինիս նույնպես ներառել ԵՏՄ ծրագրերում: Այս ամենն ուղեկցվում է երկու երկրների միջև լարվածության խորացման ինֆորմացիոն դաշտի բացմամբ (դիցուք, Նախիջևանի դեպքերը ռուսական մեկնաբանությամբ), որպեսզի բարձրանա սեփական դերակատարությունը: Լավրովի այցը Բաքու, այնուհետև նախատեսվելիք այցը Երևան, հենց վերոնշյալ աշխարհաքաղաքականության և ինֆոքաղաքականության իրացման նպատակ է հետապնդում: Պատահական չէ, որ նա Բաքվում հայտարարում է, որ Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի առանց ԼՂՀ-ի, իսկ Ադրբեջանն էլ հանդիսանում է ՌԴ ռազմավարական դաշնակիցը, ինչը նշանակում է, որ այդ երկու երկրները Ռուսաստանի համար համարժեք ստրատեգիական հետաքրքրություն են ներկայացնում՝ չնայած, որ Ադրբեջանը չի հանդիսանում ՀԱՊԿ անդամ, հայտ չի ներկայացրել ԵՏՄ անդամակցության, այլ կերպ ասած, չի խորացել ռուսական ինտեգրացիոն ծրագրերում: Կրեմլը ձգտում է մեղմել «անվտանգության երկընտրանքի» (security dilemma) գործոնը Բաքվի համար, որպեսզի վերջինս չփորձի, ի հակակշիռ Երևանի, փնտրել անվտանգության այլ համակարգեր: Ռազմավարական դաշնակցի մասին հայտարարությամբ, Լավրովը հենց սա էր ակնարկում, որ Բաքուն տեղ ունի ՀԱՊԿ-ում, և այդ դեպքում նա ստիպված չի լինի կասկածել՝ արդյո՞ք Մոսկվան իր ռազմաբազաները կօգտագործի իր դեմ: Ինչպես երևում է, ՌԴ գեոէկոնոմիկան ու գեոստրատեգիան չափազանց հակառակ բևեռներում են, և առանց արժեհամակարգային-գաղափարական հենքի խնդիրներ են առաջանում. քաղաքականությունն ուղեկցվում է բացառապես կոնկրետ շահերով՝ խստորեն պայմանավորված թե ժամանակով, թե քաղաքական կոնյունկտուրայով, հետևաբար՝ նախ նվազում է վստահությունը, երկրորդ՝ թուլանում են ինտեգրացիոն գործընթացները, երրորդ՝ ապահովվում է կարճաժամկետ, ոչ ռազմավարական արդյունք:
Ինչևէ, Լավրովի հայտարարությունն այլ հետաքրքիր նյուանս էլ ունի, այն, որ Ֆրանսուա Օլանդը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին առաջարկություն է արել: Արևմուտքը հասկանում է ռուսական նպատակները և փորձում է հանդիպման միջոցով թոթափել լարվածությունը, մեղմել անվտանգության սպառնալիքի սինդրոմի էֆեկտը երկու երկրների մոտ: Նախագահների հանդիպումը կարող է այդ գործընթացը փոխել, որովհետև, ինչպես նշում է Բժեզինսկին, «անձնական բանակցությունները թոթափում են լարվածությունը, բայց մյուս կողմից էլ՝ խորացնում խնդիրը, որովհետև լուծումներ չգտնելով՝ սկսում է անվստահությունն այդ գործընթացի նկատմամբ», այսինքն՝ այս վտանգն էլ է առկա: Պատահական չէր, որ Օլանդի առաջարկի մասին հաղորդեց Մամեդյարովը՝ Լավրովի հետ հանդիպման ժամանակ՝ վերջինիս հասկացնելով, որ Արևմուտքը նույնպես սկսել է գործընթաց, և Ռուսաստանը պետք է ավելի կոնկրետ առաջարկներ ներկայացնի, որպեսզի Բաքուն ավելի հստակ կողմնորոշվի այդ հանդիպման հարցում: Հիմա շատ բան կպարզվի Լավրովի՝ Երևան այցից, թե ինչ ձևակերպում կտա ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության առումով, ինչպիսի ակնարկներ կանի հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով, ինչպիսի մոտեցում կլսի նախագահների հանդիպման կապակցությամբ և այլն: Հիմա Հայաստանի համար մանևրի դաշտ է բացվում իր գոյապահպանական և կենսական շահերի ձևակերպման համար, քանի որ Լավրովի՝ Բաքվի այցից հետո նաև կուտակվել է ինֆորմացիայի կարևոր պաշար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/719537248084773?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել