Tert.am-ը գրում է.
Արցախի խաղաղությունը միանշանակ ամենաշոշափելի և ռեալ արդյունքն է: Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը համաձայնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Հարցազրույց» ծրագրին տված հարցազրույցի ընթացքում արտահայտած այն կարծիքին, համաձայն որի՝ ԼՂ-ի խնդրի ամենակոնկրետ արդյունքն արդեն 20 տարվա խաղաղությունն է, և որ խախուտ խաղաղությունը նախընտրելի է պատերազմից:
«Մենք միշտ ասել ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է միայն դիտարկենք վերջական կարգավորման հասնելու տեսանկյունից: Դա շատ երկարատև գործընթաց է, և ահագին ջանք ու ժամանակ պետք է անցնի մինչև վերջնական կարգավորումը: Ներկա իրավիճակում բնական է, որ ամենակարևոր առաքելությունը նաև Մինսկի խմբի խաղաղության պահպանումն է: Սա իրոք ճշմարտություն է, քանի որ պատկերացրեք, թե ինչ կարող է լինել, եթե լինի պատերազմ: Մենք միշտ էլ պատրաստ ենք հայրենիքի համար ամեն ինչի գնալ, բայց ահագին զոհեր ու ավերածություններ են լինելու. նորմալ մարդը, ժողովուրդը չի կարող պատերազմ ուզել: Ադրբեջանն է, որ ամբողջ հանրությանը ինչ-որ ձևով հիվանդացրել է իրենց պետական քարոզչության հետևանքով»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես են վերաբերում ՀՀ Նախագահի այն հայտարարությանը, թե ԼՂՀ-ն երկրորդ հայկական պետությունն է, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը որպես երկրորդ հայկական միավորում գոյություն ունի վաղուց՝ 1923թ-ից:
«Ճիշտ է, եղել է մի 70 տարի, երբ մենք ունեցել ենք ինքնավար մարզի կարգավիճակ, պայքարել ենք այդ լուծը թոթափելու համար, բայց հիմա ունենք անկախ պետություն: Սա փաստ է, ու դրա մասին ՀՀ ղեկավարությունն առաջին անգամ չէ, որ ասում է: Բոլորին պարզ է, որ 1991թ-ից ձևավորվել է երկրորդ հայկական հանրապետությունը, որը գոյություն ուներ որպես պետական կազմավորում՝ տարբեր կարգավիճակներում: Սա ճիշտ գնահատական է, քանի որ բոլորի համար պետք է պարզ լինի, հատկապես հարևան Ադրբեջանի, որ չի կարող լինել վերադարձ դեպի անցյալ՝ լինի սահմանների, թե կարգավիճակի առումով: ԼՂՀ-ն կա ու կլինի որպես անկախ հայկական պետություն»,-ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք պաշտոնական ԼՂՀ-ն ևս կիսում է Սերժ Սարգսյանի արտահայտած տեսակետը՝ ԼՂՀ-ի անկախությունը ՀՀ-ի կողմից ճանաչված չլինելու վերաբերյալ՝ ասելով, որ «որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ես դրա հետ համամիտ եմ 100%-ով», Դավիթ Բաբայանը պատասխանեց. «ՀՀ նախագահը ասում է, որ գոյություն ունի երկրորդ հայկական պետություն՝ դե-ֆակտո, որը դե-յուրե ճանաչված չէ: Ճանաչման համար ՀՀ-ն չպետք է լինի առաջինը, կա բանակցային գործընթաց, բազմաթիվ հարցեր: Սա չի նշանակում, որ ՀՀ-ն չի ճանաչում Արցախը. պետք է հասկանալ, որ կան քաղաքական ու աշխարհաքաղաքական տրամաբանություն, որին պետք է հետևենք: ՀՀ-ն ինքը սատարում է անկախության ճանաչման գործընթացին, և մենք վերջին տարիներին տեսնում ենք՝ ինչ մեծ թափ է ստացել: Ճիշտ է նահանգային ու տեղական մակարդակով, բայց դա առաջին փուլն է: Ժամանակ կգա ու կսկսեն ճանաչել պետություններ, սա անխուսափելի է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀՀ-ի անդամակցելուն, ինչի կապակցությամբ երեկ Նախագահը նշել էր, որ ՀՀ-ն անդամակցելու է իր իսկ կողմից ճանաչված իր սահմաններով, ինչպես մինչ օրս ցանկացած միջազգային կազմակերպությանը, ապա Դավիթ Բաբայանը բնական համարեց և նշեց, որ ԼՂՀ-ն Հայաստանի մարզը չէ, որ միասին անդամակցեն:
«Ընդհանրապես, ես այս հարցադրումը չեմ հասկանում, շատերը փորձում են շահարկել, բայց չեմ տեսնում առողջ մոտեցում»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



