Վարչապետ. Առաջիկայում նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարների կառուցման աշխատանքներPanorama.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին: 

Վարչապետը նշել է, որ Գերմանիայի հետ համագործակցությունն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդլայնման համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Միաժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ անկախությունից ի վեր Հայաստանին լայնածավալ տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար:

Դեսպան Ռայներ Մորելը ևս բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել՝ տարբեր ոլորտներում հայ-գերմանական համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և KFW բանկի համագործակցությամբ նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը և Ռոլանդ Զիլերն անդրադարձել են KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Կապսի ջրամբարի կառուցապատման աշխատանքներին: Կողմերը հույս են հայտնել, որ արդեն այս տարվա սեպտեմբերին կստորագրվի համապատասխան վարկային պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա իրագործել մեր տնտեսության համար կարևոր այս ծրագիրը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ջրամբարաշինությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է և առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարների կառուցման աշխատանքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել