Մեր խորհրդարանական մեծամասնությունը, եթե բնորոշենք մեկ բառով՝ գորշ է: Այնտեղ գործարարներ են, որոնց մանդատը պետք է՝ «էլիտայի» անդամ լինելու ու իրենց բիզնեսին «տանիք» կանգնելու համար: Այնտեղ մարդիկ են, որոնց միավորում են ոչ թե գաղափարները, այլ՝ նույն իշխանության մեջ լինելու հանգամանքը: Այդ մարդկանց մեծ մասին օրենսդիր աշխատանքը չի հետաքրքրում. նրանք պառլամենտ են գալիս՝ իրար հանդիպելու, խորհրդարանի պատերից դուրս իրենց ծրագրերը համաձայնեցնելու համար: Թերևս սա է պատճառը, որ Հանրապետականն այսօր առավոտ չէր կարողանում դահլիճում հավաքել անհրաժեշտ 66 պատգամավորի: Նրանցից շատերի համար ամառը սկսվել է՝ իր արձակուրդային կայֆերով: Չեմ նախանձում Գալուստ Սահակյանին կամ Վահրամ Բաղդասարյանին, ովքեր «բացատրական աշխատանք» պետք է տանեն մարդկանց հետ, որոնց համատեղելիությունը պատգամավորական գործունեության հետ բանականության ոլորտից չէ:



