Սովորաբար սոցիալիզմ տերմինից ընթերցողի մոտ մարքսիզմ-լենինիզմի մասին լավ կամ վատ հուշեր առաջանալուց հետո պատկերվում է ԽՍՀՄ-ը, ոմանց մոտ դրական, ոմանց մոտ` բացասական կողմերով, իսկ նացիոնալիզմ տերմինից` արիական գաղափարախոսությունն ու ֆաշիստական Գերմանիան: Երկու տերմինները միասին` նացիոնալ-սոցիալիզմ հնչելիս մեծամասնության մոտ միայն բացասական պատկերացումներ են առաջացնում, հիմնականում կապված Հիտլերի և նրա կուսակցության հետ:
Ասվածը վերաբերում է ոչ միայն հասարակության քիչ թե շատ իրազեկված մասին, այլ նաև ազգայնականներին, որոնց համար դեռևս մշակված չեն հայ ազգային սոցիալիզմի հիմնական դրույթները և մատչելի ձևով դեռ հասարակությանը ներկայացված չեն:
Սոցիալիզմի և ազգայնականության վերաբերյալ իշխող կարծրատիպերը հաղթահարելու այս փորձը, ինքնանպատակ չէ, այլ որպեսզի գոնե հայ ազգայնականը երես չթեքի սոցիալիստական գաղափարներից, իսկ սոցիալիստը` ազգայնականից, առավել ևս հայ ժողովուրդը` նացիոնալ սոցիալիզմից:
Կարելի է նկատել, որ եթե նացիոնալիզմ տերմինը մեծամասնության մոտ միայն բացասական զգացողություն է ծնում, ապա դրա ազգային կամ ազգայնական հայերեն տարբերակներն այլ կերպ, ավելի մեղմ և ընդ որում դրական իմաստով են ընկալվում: Դրա բացատրությունն այն է, որ ազգայնականությունն ազգային հարցի վերաբերյալ քաղաքական գաղափարախոսություն լինելուց բացի, հայի համար նաև ազգային առանձնահատկություններով պայմանավորված և ինքնապաշտպանական բնույթ ունեցող հոգեբանություն է: Սիրել կամ պաշտել սեփական ազգը, չի նշանակում չհարգել կամ ատել մյուսներին: Այն, որ ազգայնականը սեփական ազգի բարեկեցությունն իր արժեհամակարգի բարձր սանդղակում է տեղադրում, չի կարող հանցագործություն լինել, որովհետև դրանով որևէ կերպ դեմ չի գնում ընդունված համամարդկային արժեքներին:
Նույնը կարելի ասել և սոցիալիզմի դեպքում, որի արևմտահայերենով կիրառվող ընկերվարություն թարգմանությունը թեև բոլորովին չի համապատասխանում բովանդակությանը, բայց դրական վերաբերմունք է թողնում, ինչպես նաև համայնավարությունը, որպես կոմունիզմ բառի հայերեն թարգմանություն: Իր երկրի ունեցվածքի նկատմամբ համայնավարական սկզբունքներով հասարակ ժողովրդի սեփականություն ունենալու բնական ձգտումը հանցագործություն չէ, որովհետև դրանով չեն ժխտվում ո՛չ մասնավոր սեփականությունը, ո՛չ համամարդկային արժեքները:
Ներկա հայ ազգայնականությունը, ինքնուրույն պետություն ունենալու ցանկությունը բավարարելուց հետո, ցավոք որևէ քայլ չարեց ժողովրդին սոցիալական հավասարություն ապահովելու գործում: Սակայն մի՞թե այդ հարցը նրան չէր հուզում ու վերաբերում: Ազգային և պետական զգացողությունը յուրաքանչյուր հայրենասերի թելադրում է գերապատվություն տալ պետական սեփականությանը մասնավորի նկատմամբ, ինչը սոցիալիստների հիմնական դրույթներից մեկն է: Դա նշանակում է, որ երբեմն անթաքույց հակադրվելով ժողովրդավարությանը, սոցիալիստներն ու ազգայնականները վաղ թե ուշ կհամատեղեն իրենց ջանքերը:
Վերջին քսան տարին կարծես լրիվ բավարար էր, որպեսզի հայ ժողովուրդն իր կաշվի վրա զգար կապիտալիզմի «համն ու հոտը», ազատականացման ներկա «գաղութային» լուծը համեմատեր նախորդի` «տոտալիտարի» հետ:
Արդյո՞ք ԽՍՀՄ-ի փլուզումից և պարտադիր կամ ակամա «անկախանալուց» հետո ժողովրդին տրված էր զարգացման հետագա ուղու ընտրության հնարավորություն: Հարցին այո՛ կամ ո՛չ պատասխանելուց առաջ, նախ պետք է ընդունել, որ ընտրված ա՛յս ուղու արդյունքում մեր երկրի պետականության հիմքերը մեղմ ասած չեն ամրանում:
Պետք է համաձայնել նաև, որ դրա կարևոր պատճառներից է և բնակչության մեջ առկա սոցիալական բևեռացումը, ինչը արհեստականորեն, նաև հետևողականորեն է խորացվում:
Հարուստներ և աղքատներ միշտ էլ եղել են, սակայն նրանց միջև տարբերությունը երբեք այն աստիճան չի հասել, որ վերջիններիս մոտ ատելի դառնան ոչ միայն հարուստներն ու նրանց սատարող կուսակցություններն ընդհանրապես, այլև հենց պետությունը, առաջին հերթին իր ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու անկարողության համար: Նախկինում էլ են եղել նման իրավիճակներ, այդ առիթով Վարպետը գրել է.
Ատում եմ, ավաղ, և՛ հայրենիքը-պերճ արոտավայր հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:
Վտանգի մեջ գտնվող երկրում, երբ երկրի ունեցվածքը պատկանում է մի քանի «ընտրյալների», հայրենասիրությունն անկում է ապրում: Հայրենիքի համար կռվելու պատրաստ կամավորների մի մասը, որի անձնազոհության շնորհիվ արցախյան գոյամարտում հաղթանակներ ապահովվեցին, խոստովանում է, որ պատերազմի ժամանակ, պետական ունեցվածքի և հողի մեջ զգում էր նաև սեփականության իր մասը, իսկ այժմ չունենալով որևէ անձնական սեփականություն և պետական սեփականությանն էլ իր դիրքերում չտեսնելով, կորցնում է վստահությունը իշխանությունների և պետության հանդեպ, ինչի արդյունքում թերահավատորեն է մոտենում հայրենասիրության պահանջներին: Արդեն հաճախակի են լսվում նրանց տարակուսած հարցերը, թե ո՞ւմ համար պետք է կռվեն, «սրա՞նց» (անվանական տալով մակդիրավոր հարուստների անունները), սրա՞նց ունեցածը պաշտպանելու համար, որ ամբողջ երկիրը դարձրել են միայն իրենցով, ուրեմն թող իրե՛նք էլ կռվեն…
Ամենատարբեր, ներառյալ և քրեական եղանակներով հարստացած առանձին մարդկանց, նրանց խմբավորումների միջև, որքան էլ նմանություն և ընդհանուր շահեր լինեն, միևնույն է, նույնպիսի բնական պայքար կա, ինչպիսին կա վիշապի երկու գլուխների միջև, որ այժմ երևակվել է «իշխանություն» և «ընդդիմություն» հակամարտություն անունով: Նրանց` իրար հանդեպ առկա անհանդուրժողականությունը նույնպես տանում է ազգային պառակտման, հետևաբար և պետականության թուլացման, բայց հակադիր համարվող այդ ուժերը, ժողովրդի անունից խոսելով, ժողովրդին խաբելու ու շահագործելու հաշվին հարստանալու գործելաոճով` արդեն իրարից այնքան էլ չեն տարբերվում: Հատուկ ունակություններ պետք չեն հասկանալու համար, որ լավ կամ վատ «ժողովրդավարների» տեղերը փոխելիս, ժողովրդի կենսամակարդակն ու խղճալի վիճակը, որում հայտնվել է վաղուց` բոլորովին էլ չի փոխվի:
Պետք է համաձայնել նաև, որ 1988 թ. թափ առած Արցախյան շարժումը զուտ ազգային էր և որպես ազգային ազատագրական պայքար ոչ թե սոցիալական խնդիրներ լուծելու համար էր կամ ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ, այլ հայկական հողերը` տվյալ դեպքում Արցախը, օտար լծից (տվյալ դեպքում Ադրբեջանից) ազատագրելու համար: Ժամանակին պետական մեքենաները պատեազմի դաշտ ուղարկելու համար օրինական տերերից բռնի խլելով` հայտարարեցին դրանց «ազգայնացման» մասին, և միայն հետագայում դրանք (և ոչ միայն) «սեփականաշորթվեցին» որոշ «ընտրյալների» կողմից:
Այլ հարց է, որ ԽՍՀՄ-ը կազմալուծողներն իրենց հեռակա նպատակներն իրականացնելու ճանապարհին կարողացան ճարպկորեն օգտագործել ազգայնական ուժերին, ապա նաև ներգրավեցին ժողովրդին, նրա սոցիալական խնդիրները լուծելու գեղեցիկ խոստումներ տալով:
Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, շուտով պարզ դարձավ, որ մեր «անկախ» հանրապետության ղեկավարման հարցում ազգայնականներն արդեն գործ չունեն, իսկ ժողովուրդը` խաբված է:
Սպասվող դժգոհություններից խուսափելու և դեպքերի չնախատեսված զարգացումները նախօրոք կանխելու, նաև ժողովրդավարության տպավորություն թողնելու նպատակով, ազգային որոշ, հիմնականում «ժողովրդավարացված» ուժեր, իսկ հետագայում` նաև համայնավարների ներկայացուցիչներ, ձևականորեն ընդգրկվեցին իշխանական կառույցների մեջ, և հենց նրանց լուռ համաձայնությամբ էլ իրականացվեցին պետական ունեցվածքի վերջնական գիշատչական մասնավորեցումը, թալանն ու կողոպուտը:
Սակայն, երբ կատարվեց պետական քաղաքականության որոշիչ ուժերի` էներգետիկայի, կապի, երկաթուղու, ջրի, բանկերի, հանքերի և այլնի «նվիրաբերում» օտարներին, ակնհայտ դարձավ, որ մեր երկրին թելադրված քաղաքականության հատկանիշները ապապետական են և ապազգային:
Եթե «դասական» ընկալումներով գաղութատիրությունը մեկ երկրի կողմից էր (ասենք Հնդկաստանը գաղութ էր Անգլիային, կամ «ՀԽՍՀ-ն` ԽՍՀՄ-ին»), ապա` «անկախանալուց» հետո գաղութատերերը բազմացան`Ռուսաստանը և Եվրոպայի ու Ամերիկայի տարբեր երկրներ:
Ամենազավեշտականն այն է, որ ժողովրդի ունեցվածքը անհավասար բաշխելով և աղքատությունն ավելի խորացնելով` փորձում են ապացուցել, թե «ժողովրդավարության» պայմաններում մի «բուռ» մարդկանց դիզած հարստություններով (կամ Արևմուտքի ողորմություն-օգնություններով) ժողովրդի դրությունը կբարելավվի, երկրի հետամնացությունը կհաղթահարվի, տնտեսությունը կծաղկի և այլն: Իհարկե, դա մերկապարանոց սուտ է, բացարձակ խաբեություն, որ անընդհատ մատուցվում է և՛ իշխանության, և՛ «արմատական» կոչվող «ընդդիմության» կողմից: «Մի բուռ» հարուստների մեջ իրոք կան ու կլինեն այնպիսիք` որոնք անձնական շահերի հետ կհետապնդեն նաև ազգային շահեր և կձևավորեն «ազգային բուրժուազիա»: Օրինակ, նրանց ձեռնտու չէ, որ էժան ու շատ արտադրանք ներմուծվի, որն իրե՛նք տեղում կարող են արտադրել կամ որ էժան ու շատ հումք արտահանվի, որն իրե՛նք կարող են օգտագործել և այլն: Խոշոր կապիտալի մրցավազքում նրանք կմնան նույնքան անզոր, որքան իրենց համեմատ ներկա գործազուրկներն են:
Այսպիսով, թեև «ազգային բուրժուազիայի» և ազգի շահերը տեղ-տեղ համընկնում են, հիմնականում` որ օտար կապիտալը և օտար մշակույթը տիրապետող դեր չունենան (ընդ որում` նաև դրա համար են հայ ազգայնակաների և հայ գործարարների երբեմնի փոխադարձ հարգալից շփումները), այնուամենայնիվ, երկրի ներսում խորացող հարուստներ և աղքատներ հակադրության աճը կհանգեցնի նրան, որ բուրժուազիան կգնա զիջման և կենթարկվի օտար տնօրեններին:
Իսկ գուցե ընդվզի՞ երկիրը գաղութի վերածող ուժերի դեմ, դիմադրի՞ նրանց հակապետական-հակազգային պարտադրանքին և համաձայնության գա ազգային և համայնավարական ուժերի հետ:
Չպետք է անտեսել, որ նման մի «ընդվզում» նկատվեց մոտ 10 տարի առաջ` Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի շուրջ համախմբվածներով, ինչին պետք է հետևեր ազգայնականների և համայնավարների լուրջ դաշինքը ժողովրդի համար խիստ դրական դրսևորումներով:
Առողջ և սթափ վերլուծաբանները եզրահանգում են, որ երկրների ապագան տանում է դեպի սոցիալիզմ և վկայակոչում են համայնավարական Չինաստանի հաջողությունները: Վերջերս հայտարարված «համաշխարհային տնտեսական ճգնաժամի» պայմաններում նկատելի էր, որ կապիտալիստական ֆինանսիստները ստիպված էին դիմելու «ատելի» Չինաստանի օգնությանը: Ողջունելի է, որ Չինաստանը նախօրոք իր հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելով, աշխուժացրել է շփումները նաև մեր երկրի հետ: Իհարկե, հայ-չինական տնտեսական մերձեցումներն իրենց հետևում նաև քաղաքական նպատակներ ունեն: Կարևորն այժմ այն է, որ հայ «գերհարուստները» վերջիվերջո իրենց գոյությունը պահպանելու ցանկությունից և ազգային պատկանելությունից բխող պատճառներով հասկանան Չինաստանի հաջողությունների իրական գաղտնիքը և գիտակցեն իրենց ունեցած մասնավոր խոշոր սեփականությունները հօգուտ պետական սեփականության տրամադրելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Իսկ թե դա ինչպե՞ս կկայանա` տեխնիկական հարց է:
Ժողովրդի հետագա ճակատագրով մտահոգված բոլոր ազգային, հայրենասեր, գործարար ուժերը պարտավոր են «ժողովրդավարացվող» և «գաղութացվող» երկիրը ներկա «խառնայփնթուր» իրավիճակից հանել: Մեր առաջարկությունը նրանց` հստակ է. պետք է կողմնորոշվել դեպի ազգային սոցիալիզմ, ապա համատեղ ջանքերով կողմնորոշել և ողջ ժողովրդին:
Հայ ազգային սոցիալիզմի տեսությունն իր էությամբ հեղափոխական չէ, մոտ է նժդեհյան ցեղակրոնության գաղափարախոսությանը, և դեմ է «վայ» հայրենասերների այնպիսի ծայրահեղական տրամադրություններին ու կոչերին, ըստ որոնց պետք է շտապ անցում կատարել ցեղակրոնությունից դեպի ցեղիշխանություն: Ոչ էվոլյուցիոն եղանակով Հայաստանում ղեկավարման նոր տեսակ` էթնոկրատ դիկտատուրա հաստատելով, իհարկե երկիրը կհասցվի արդարության քաղաք «Արշակավանի» վախճանին, «գեղեցիկ», բայց սին նոր խոստումներով կարելի է կործանել եղածն էլ, ինչպես Ծապլվարի հետ վարվեց «ընկեր յեղափոխական Փանջունին»: Հնարավոր է, որ առողջ առաջարկներ վիժեցնող և «ազգային» համարվող մի քանի «Փանջունի-առաջնորդիկներ» այնպիսի հայտարարություններ անեն, որոնցով խաթարեն ազգայիններին միավորող իրատեսական ծրագրերը, ազնիվ հայրենասերների ուշադրությունը շեղելով «տիեզերաքաղաքացի-համամարդկային», «տիեզերաքաղաքացի-համաարիակական» կամ «հոգևոր-միստիկ» ոլորտներում խճճված այլ տեսություններով: Սակայն, միևնույն է, նրանք անկարող կլինեն կանխել բնականոն ընթացքով զարգացումները` տվյալ դեպքում հայ ազգայինների, համայնավարների և գործարարների անխուսափելի միավորումը:
Պետք է հաշվի առնել նաև, որ միջազգային ներկա իրավիճակում նոր պետություններ են ծնվում և նրանց զարգացման ուղու հնարավորությունները կարող են տարբեր լինել: Ակնհայտ է, որ միջազգային իրավունքներով օժտված տարածքային միավորների` պետությունների թիվն աճում է: Եթե 1900 թվականին դրանք մոտ 100-ն էին, այժմ հասել են մոտ 200-ի: Սակայն ինչո՞ւ նրանց թիվը չպետք է շարունակի աճել, ոչ թե միայն ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի, Ադրբեջանի, կամ թեկուզ Վրաստանի, այլ, ասենք ԱՄՆ-ի քայքայման և նրա նահանգներից առանձին ազգային պետությունների առաջացման հաշվին: Ժողովրդավարությունը, որպես պետական իշխանության ձև, մի տեսակ պարտավորություն ունի ազգային խորհրդանիշների, օրինակ` օրհներգի, դրոշի, լեզվի, զինանշանի, դրամատեսակի և այլնի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ում այնպիսի ազգեր կան (բնիկ հնդիկները, սևամորթները, չիները, մեքսիկացիները, ռուսները նաև հայերը և այլն), որոնք հասունացել են իրենց պամական հայրենիքներից դուրս «ժողովրդավարական» եղանակներով ինքնուրույն պետություններով դրսևորվելու համար:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամերը կարող են կրկնվել ավելի մեծ ամպլիտուդաներով ու հաճախականությամբ, բնականաբար ունենալով ավելի աղետալի հետևանքներ: Ուրեմն, չպետք է զարմանալ, որ նորաստեղծ ազգային պետությունները կա՛մ Չինաստանի օրինակով, կա՛մ ուղղակի հիմնվելով հայրենասիրության և ազգային գաղափարախոսության սկզբունքների վրա, բռնեն սոցիալիստական, ավելի կենսանպաստ զարգացման ուղին:
Ազգային սոցիալիզմը զարգացման տարբեր մակարդակների վրա գտնվող ժողովուրդների համար կարող է ապահովել և՛ տնտեսության, և՛ մշակույթի արագ վերելք, և՛ կայունություն: Այդ ուղին ընտրած երկրի համար վերջ կտրվեն այնպիսի դաժան պատիժներ, ինչպիսիք են գործազրկությունը, էժան աշխատուժի շահագործումը, չարչիությունը կամ նման այլ դրսևորումները:
Որպես հասկացողություն, իր բնույթով և էությամբ ազգային սոցիալիզը շատ հարազատ է հայ տեսակի մտածելակերպին: Գիտական մոտեցման ու ճիշտ կիրառության դեպքում, այն կարող է միավորել աշխարհի հայության աշխատանքային և ստեղծագործ ջանքերը` հօգուտ հայ ազգային ու պետական շահերի:
Իրականում, զարգացման ո՞ր ուղին ընտրել, ժողովուրդների ներքին գործն է, եթե իհարկե նրանց այդպիսի հնարավորություն ընձեռվի: Սակայն մի բան պարզ է, որ պարտադրված քսանամյա կապիտալիստական, իսկ ավելի ճիշտ` գաղութացման ուղին իր «քաղցր» պտուղներով անհարիր է հայ ժողովրդի ոգուն և արդեն չի համապատասխանում հայ ազգի շահերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել