Tert.am-ը գրում է.

Վճարովի կայանատեղիների համար նախատեսված 5 րոպեն Երևանի քաղաքապետարանը ցանկանում է դարձնել 15 րոպե, ինչը Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը չի համարում լուրջ զիջում և գտնում է, որ դրանով ոչինչ չի փոխվի:

«Անկախ ամեն ինչից՝ կարմիր գծերի առկայությունը, որ երևանցիների հաշվին մասնավոր ընկերություններն են հարստանում, աբսուրդ է ինձ համար: 5 րոպեն 15 րոպե դարձնելով՝ ընդամենը մի փոքր թեթևացնում են այդ վիճակը, բայց ընդհանուր առմամբ համակարգն այնպիսին է, որ մարդիկ ստիպված գնալու են, ամբողջ տարվա համար վճարում անեն: Այսպես թե այնպես՝ այդ 5, 15 կամ 20 րոպեն ոչինչ չի փոխում, եթե արդեն վճարել են մեկ տարվա գումարը, իրենց համար ի՞նչ տարբերություն՝ քանի րոպե է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ դա ուղղակի խնդիրներից մեկն էր. մարդը մի քանի րոպեով տեղ է մտնում, ու դրա համար ինչո՞ւ պետք է տուգանվի, քաղաքապետարանն էլ իբր՝ գործողություն է իրականացնում: «Ինձ համար խնդիրն ավելի ամբողջական է, քան 5 րոպեն 15 րոպե դարձնել: Դա նշանակում է՝ եռացող կաթսայի բերանը մի փոքր բացել»,-ավելացրեց նա:

Դավիթ Սանասարյանը քաղաքապետարանի քայլը զիջում չի համարում. «Դա շատ մանր քայլ է: Խնդրին սխալ մոտեցում է ցուցաբերվել: Եթե անգամ պետք է գանձվեր այդ գումարը, դա պետք է գնար Երևանի բյուջե, որը կարող էր վերադառնալ քաղաքացուն, հարկատուն պետք է իր արածի դիմաց ստանար պատասխան գործողությունը, բայց այս պարագայում գումարը գնում է մասնավորին, ինչն աբսուրդ է: Նման բան աշխարհի բոլոր զարգացած երկրներում էլ կա, բայց այլ կերպ է կարգավորվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել