Սիրիայի արևելյան՝ Իրաքին սահմանակից Դեր-Զոր նահանգում կրկին նոր թափով վերսկսվել են մարտերը մի կողմից «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն», իսկ մյուս կողմից՝ «Նուսրայի ճակատ» (նաև վերջինին հարող այլ խմբավորումների) իսլամական ծայրահեղ արմատական կառույցների միջև. հակամարտ կողմերի մասնակցությամբ բախումները համեմատաբար դադարել էին վերջին երկու շաբաթների ընթացքում:
ԻՇԻՊ-ի զինյալները ձգտում են կապ հաստատել Դեր-Զորից դեպի ավելի հյուսիս գտնվող Ռակա և Հասաքա նահանգներ՝ ձգտելով միավորվել այդ շրջաններում գործող կառույցի բջիջների հետ՝ ձևավորելով իրենց վերահսկողության ներքո գտնվող ընդհանուր աշխարհագրական տարածք:
Թվում էր, թե վերջին երկու շաբաթների ընթացքում Իրաքում ԻՇԻՊ-ի նախաձեռնած ռազմարշավին զուգահեռ, կառույցն իր հիմնական ներուժը պետք է ուղղի հենց այդ երկրում բանակային ստորաբաժանումների դեմ իրականացվող առավել ակտիվ ռազմական գործողություններում, մինչդեռ, արի ու տես, որ իրականությունը բոլորովին այլ է. ԻՇԻՊ-ը զարգացնում է հաջողությունները բոլոր ճակատներում՝ կառույցի երկու թևերի միջև համագործակցության և փոխօգնության հիման վրա:
Հ.Գ. Կից ներկայացվող տեսանյութում ցուցադրվում են կառույցի սիրիական ճյուղին իրաքյան թևի կողմից ուղարկված Իրաքի բանակային ստորաբաժանումներից գրավված ամերիկյան ռազմամեքենաներ և այլ տեխնիկա:



