Tert.am-ը գրում է.
Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth 86-րդ սեմինարն անցնում է ադրբեջանական մասնակիցների ակնհայտ հակահայկական քարոզչությամբ, և բանավեճն էլ ընթանում է հայերի ու ադրբեջանցիների կողմից:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth 86-րդ սեմինարին մասնակցելու համար Բաքու մեկնած հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը՝ մեկնաբանելով հայկական պատվիրակությանը ԽՎ-ից հեռացնելու ադրբեջանական պատվիրակի առաջարկը:
«Ադրբեջանական պատվիրակությունը անընդհատ շարունակում է սուտ տեղեկություններ տարածել, հակահայկական քարոզչությունը երևում է ամբողջ ընթացքի ժամանակ... Սա իրականացվում է իրենց ելույթներում, գործառույթներում։ Մենք ոչ միայն հակազդում ենք, այլև ներկայացնում հայկական կողմի դիրքորոշումները՝օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ, թե՛ հակամարտության կարգավորման գործընթացի մասով, թե՛ Հարավային Կովկասում... և, ընդհանուր առմամբ, սեմինարն անցնում է լարված: Ավելի շատ մեր երկու պետությունների ներկայացուցիչներն են մասնակցում այդ քննարկմանը, իսկ մյուս պատվիրակները հանդարտ վիճակում են: Այսինքն՝ հիմնական բանավեճն ընթանում է մեր միջև»,-Բաքվից փոխանցեց մեր պատվիրակության ղեկավարը:
Հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, արդեն հաղորդել էինք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը պահանջել էր հեռացնել Հայաստանի պատվիրակությանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից` ասելով. «ՆԱՏՕ-ն դադարեցրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այդ երկրին 2 տարով զրկելով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քվեարկելու իրավունքից։ Ապա ինչո՞ւ, չնայած օկուպացիային, Հայաստանը դուրս չի հանվում այս կառույցից»,-նշել էր Ասկերովը։
Հիշեցնենք, որ Բաքվում գտնվող Թևան Պողոսյանն էլ երեկ Tert.am-ին հայտնել էր, որ իրենք անընդհատ հակադարձում են ադրբեջանցիներին, չնայած նրանք սեմինարին ավելի շատ են ներկայացված «և մի բանն էլ 8 անգամ են ասում»:
Կորյուն Նահապետյանը փոխանցեց, որ այսօրվա ընթացքում օրակարգային 2 հարցեր են քննարկվե: Առաջինը՝ Ադրբեջանում ռազմական ոլորտի բարեփոխումներն են, երկրորդը վերաբերել է Ղրիմի ճգնաժամին և դրա հետևանքներին Հարավային Կովկասում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



