Ուկրաինայի խեղկատակային իշխանությունները վաբանկ են գնում՝ փորձելով ստիպել Ռուսաստանին, որ զորք մտցնի Ուկրաինայի տարածք, ինչից ռուսներն առայժմ ամեն գնով փորձում են զերծ մնալ:

Արդեն տեղ գտած սադրանքներով չբավարարվելով, արդեն այլ քայլերի են անցել՝ ինտենսիվացնելով արևելյան շրջաններում քաղաքների հրետակոծությունները ու փոխելով դրանց աշխարհագրությունը, իսկ այսօր արդեն պայթում է դեպի Եվրոպա գնացող գազատարի խողովակը:

Ու սա անմիջապես այն բանից հետո, երբ Ռուսաստանն անցավ գազի մատակարարման կանխավճարային համակարգին:

Պատճառների մասին, թերևս, միայն գուշակություններ կարելի է անել, բայց հաշվի առնելով, որ Ուկրաինայի նոր իշխանություններն ամեն ինչ են, բացի անկախ լինելուց, պետք է ենթադրել, որ նրանք ի կատար են ածում իրենց արևմտյան տերերի կարգադրությունները:

Հասկանալի է, որ Ուկրաինայի տնտեսությունը մահանում է, իսկ գազի մատակարարման դադարեցումից հետո ստեղծվել է տնտեսական կոլլապսի իրական վտանգ, իսկ դա նշանակում է, որ հողը փախնում է նոր իշխանությունների տակից:

Բանն այն է, որ եթե Ուկրաինայում սոված բունտ սկսվի, առաջինը սկսելու են մորթել քաղաքական գործիչներին ու օլիգարխներին, իսկ հետո արդեն անցնելու են իրար՝ ռեգիոնալ ու կրոնական պատկանելիության հողի վրա: Սրա օրինակը կա, նույնը կատարվում էր հոկտեմբերյան հեղափոխությունից հետո:

Իրավիճակի միակ փրկությունը կարող է լինել արտաքին ռազմական միջամտությունը, բայց դրա համար պետք է Ռուսաստանը նախահարձակ լինի, որպեսզի ի պատասխան, պորոշենկոները դիմեն իրենց ՆԱՏՕ-ական տերերին ու խնդրեն իրենց տարածք զորք մտցնել: Դա իրավիճակը կկայունացնի այնքանով, որ ի տարբերություն կիսաբանդիտական ազգային գվարդիայի ու ամբողջովին դեմորալիզացված ուկրաինական բանակի, թե՛ ռուսական, թե՛ ՆԱՏՕ-ական բանակները արագ կկարողանան զինաթափել աշխարհազորայիններին:

Բացի դրանից, սա պետք է հենց Արևմուտքին, որին իրոք լեգիտիմ պատճառ է պետք ռազմական ներկայության համար, իսկ նման պատճառ կարող է հանդիսանալ միմիայն ռուսական ինտերվենցիայի տարբերակը:

Մի խոսքով, Ուկրաինայի հերը շարունակում են անիծել, իսկ մեզ համար սա պետք է դաս լինի, որ մենք չկրկնենք ուկրաինացիների սխալները, որովհետև երկու ուժային բևեռների բախման կետում հայտնվելուց ամենաշատը տուժում է փոքր երկիրը, իսկ ուժեղները միշտ էլ բարիշում են, վաղ թե ուշ, ու ի հաշիվ այդ փոքրիկ երկրի շահերի, հարստության ու տարածքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել