Երբ Տերը կավահողից ստեղծեց Մարդ արարածին,ավելացավ մի կտոր կավ:
Հարցրեց Տերը Մարդուն.
- Ինչ ստեղծեմ քո համար այս կտորից:
- Բախտ.-պատասխանեց Մարդը:
Տերն անխոս կավի կտորը խոթեց Մարդու ձեռքը,շուռ եկավ ու հեռացավ: 

* * *
Բանալին դռան փականի մեջ պտտվեց դժվարությամբ:
Արամը ներս մտավ դժկամությամբ,էլի աշխատանք չճարեց,ինչպե՞ս են տատի հետ անցկացնելու մինչև տատի հերթա կան թոշակը:
Այսօր երկու հոգով դատարկեցին մի վագոն կարտոֆիլ, երկուսով ստացան 6000 դրամ:
Զզվելի է կյանքը,հագավ հողաթափերն ու մտավ սենյակ:
Տատը հեռուստացույց էր նայում, <Դժվար ապրուստ>:
- Տատ,էլի էս հիմարությունն ես նայում,այսօր ուրբաթ է,ֆուտբոլ կա:
- Արամ ջան բա չիմանա՞մ վերջն ինչ եղավ,կարտոշկա եմ եփել,մի քիչ էլ ձուկ կա,ինքդ դիր կեր հա:
<Վաղը Լուիզի ծնունդն է,3000 դրամով ինչպե՞ս եմ գնալու>:
Ափսեով ու մի կտոր հացով,երբ տեղավորվեց բազկաթոռի մեջ,
հնչեց դռան զանգը:
- Ձայն մի հանիր,մի էլ բաց,երևի էլեկտրիկն է,եկել է փողի հետևից:
Դառնահամ թվացող կարտոֆիլի կտորը մի կերպ ծամելով մոտեցավ դռանը:
Դռան մեջ կանգնած էր քառակուսի մի սև երևույթ:
Արամն ակամայից ետ-ետ գնաց:
- Ու՞մ եք ուզում:
- Քեզ,- թվաց թե երևույթը ժպտում է ու պարզ երևում են կարմիր լնդերը:
- Քո Բախտն եմ,էլ ու՞մ պետք է ուզեմ:
- Բայց դու սև ես:
- Երևի լավ չլսեցիր հա՞,ես ՔՈ Բախտն եմ:
Սենյակի խորքից լսվեց տատի ձայնը:
- Արամ,ո՞վ է,ի՞նչ են ուզում:
- Բախտն է, տատ,ինձ է ուզում:
Երևի տատը չլսեց:
- Փող չտաս,հաց ու պանիր տուր մի հատ էլ պամիդոր,թող գնա:
Բախտն անճոռնի շարժումներով փորձեց մտնել ներս:
Տղան դուռը շրխկացրեց նրա երեսին:
Հետո մտածեց, միգուցե թողնեմ:
Բացեց դուռը:
Դատարկություն ինչպես իր սրտում: 
<Կամաց-կամաց խելքս գցում եմ>-մտածեց ու փակեց դուռը:
- Հո չես մոռացել,վաղը հունիսի 13-ն է,մորդ ծննդյան օրը,Հրանուշից խունկ եմ վերցրել,կգնաս չէ՞գերեզմանոց: 

* * *
Գերեզմանոցի պահակը`Իմաստուն Նաղաշը, ամառ-ձմեռ վերարկուն հագին,նույն մարդն է,որին ճանաչում են հիմնական ալցելողները:
Այսինքն դեռ կա,աշխատում է: 
Բոլորը զարմանում էին թե ինչպես է անսխալ կարողանում գտնել ցանկացած հանելուկ,դրա համարել էլ անունը կնքել էին Իմաստուն:
Մի անգամ, օգոստոս ամիսն էր,չդիմացավ հարցրեց, թե չե՞ս մրսում Նաղաշ պապ:
- Էհ,Արամ ջան,արդեն 50 տարի կլինի աշխատում եմ այստեղ ու ոչ մի անգամ չեմ լսել, որ մարդ շոգից մեռնի: Դու էն ասա, թազա հանելուկից բանից չգիտե՞ս:
Հասավ գերեզմանին,անխնա չէ,բայց դե սարքած էլ չէ,անձրևներից քայքայվում է քարը,ճաղերի ներկը…ժամանակ չկա,ի՞նչ անի:
Համբուրեց մոր նկարը,էժանագին ծաղիկները դասավորեց քարի վրա,կրակ վառեց:
Խնկահոտը տարածվեց հաճելի բույրով,խունկ վաճառող փոքրիկ աղջիկն ասաց, որ արգենտինահայերն են բերել,լավ խունկ է:
Ծաղիկների շուրջն անընդհատ պտտվում էր մի թիթեռ,ձեռքով չգիտես ինչու փորձեց քշել և պատահմամբ բռնեց թիթեռին:Ափի մեջ զգաց որ թիթեռը կենդանի է,մի քիչ թուլացրեց մատները,զգաց թևերի թպրտոցը…
Մոտեցավ գերեզմանոցի մուտքին,մտածեց -թե՞ ելքին:
- Նաղաշ պապ,ձեռքումս թիթեռ է,կարող ես ասել կենդանի՞ է, թե՞ սատկած:
Պատի տակ նստած Անգործ գերեզմանափորները (երանի միշտ անգործ մնային) հետքրքրությամբ սպասում էին:
<Եթե ասի կենդանի է մատներով կսեղմեմ թիթեռին,կսատկի,եթե ասի սատկած է` բաց կթողնեմ>
Պահակը երկար նայեց Արամի աչքերին ու ասաց:
- Ամեն ինչ քո ձեռքում է,տղաս:

* * *
- Լուիզ,շրջազգեստդ փոխիր,այդ կարճ շորով հյուր չեն դիմավորում,Բաբկեն Արամիչն իր կնոջ և տղայի հետ է գալու:Մի լավ կնշենք ծնունդդ:
Մայրն է Մոնիկա Երվանդովնան (անձնագրով անունը Մայրանուշ է,ծնված Տավուշի մարզի Կաթնաղբյուր գյուղում), ֆրոյլեն Մոնիկա,ինչպես կասեր Արամը:
Արա~մը:
Ուր է,արդեն մի շաբաթ է ոչ զանգում է, ոչ դիմավորում Համալսարանի մոտ: 
- Հա,ճիշտ է ասում,Լուզ ջան,լողարանից դուրս եկավ սափրված հայրը,-համ էլ Էդմոնդը գիտե՞ս ինչ տղա է:
- Ի՞նչ տղա է պապ,-հազիվ է զսպում արցունքները:
Արամն ինչու՞ չի զանգում,ինչու՞ չի շնորհավորում,միգուցե ես զանգ տամ:
- Ոնց թե՞,համ էլ գալու են նոր մեքենայով,թե չէ կպել ես այդ տղային,իր ջոնջոլ կոստյումով,երևի պապն է հետը բերել պատերազմից:
Չի կարողանում պահել արցունքները:
- Լավ Սերժ (հոր անունը Սարգիս է),հանգիստ թող աղջկան.ժամանակավոր բան էր,այսօրվանից կանցնի-կգնա,չէ՞ Լուիզ ջան:
Զանգ :
Հեռախոսին առաջինը հասավ Մոնիկա Երվանդովնան:
- Լսում ենք:Բարև Արամ,ինչպե՞ս ես,մերսի,մերսի…հիմա կփոխանցեմ:
- Արա՞մ,…շնորհակալություն..ու՞ր ես…գալու՞ ես…ի՞նչ գերեզման,ոչինչ թող խնկահոտ լինի…խնդրում եմ…
Տիեզերական արագությամբ մոր ձեռքից խլած ընկալուչը նույն արագությամբ էլ իջավ հեռախոսին:
<Չեմ ների կյանքում>-մտածեց ու փլվեց բազմոցին: 
Երկու զույգ տագնապով հագեցած աչքերն ուրախացան միաժամանակ:

* * *
Արծաթագույն Մերսեդեսը կանգնեց Համալսարանի մոտ:
Արդեն մեկ շաբաթ է Էդմոնդի հետ մեքենայով են գալիս:
Այսօր բակում ինչ որ խառնաշփոթ է,հավաքվել են բազմաթիվ ուսանողներ:
Երևի էլի ինչ որ ակցիայի են նախապատրստվում:
Ուսանողուհիներից մեկն առանց բարևի մոտեցավ:
- Լուզ, գիտես ի՞նչ է եղել,- աչքերը վառվում են:
- Ի՞նչ,-հարցրեց Էդմոնդը:
- Բակի դիտահորը,որի կափարիչը բաց էին թողել, Բախտն է ընկել:Բոլորը մոտեցել են ու գոռում են իրենց ցանկությունները…
Էդմոնդն անցավ գործի:
Մոտեցավ,բոլորին համոզեց հեռանալ.
- Մոտենում ենք մեկ-մեկ,կամաց ասում ցանկություններն ու հեռանում,OK,ես առաջինն եմ:
Գոյացավ սպասված ու կարծես անվերջանալի մի հերթ:

Հերթում նույնիսկ դասախոսներից կային և զարմանալի չէր,որ նրանց թվում նաև Աստվածաբանության դասախոսն էր:
Լուիզան մնաց հերթից դուրս կանգնած,միայնակ ու զարմացած:
…Դիտահորը,որտեղ անօգնականությունից թպրտում էր քառակուսի մի սև երևույթ, լցվում էր անվերջանալի ու զանազան ցանկություններով…

* * *
Անտարբեր քայլերով Համալսարանի բակ մտավ,մազերն անխնամ ու կարծես վաղուց չսափրված,ջոնջոլե կոստյումով մի տղա:
Արհամարելով իրեն ուղղված հայացքները մոտեցավ դիտահորին:
Արմունկով հրեց դիտահորի մոտ կանգնած Աթեիզմի դասախոսին,չոքեց ու նայեց ներս:
Հանեց կոստյումը,դրեց ասֆալտին ու ձեռքերը պարզեց ներս:
Մի քանի վայրկյան տանջվելուց հետո,ծռմռելով սև քառակուսու կառուցվածքը,հանեց նրան դիտահորից:
Նայեց մեղավոր հայացքով: Բախտն էր…
Ոտքի կանգնեց,թափ տվեց շալվարի ծնկներն ու մոռացած ջոնջոլե կոստյումը,դանդաղ հեռացավ…
Մանևիչի հանրահայտ ծնունդը աչքերը ճպճպացնելով զարմացած նայում էր կողքերը,դեռ ուշքի չէր եկել,հետո սկսեց աչքերով բազմության մեջ փնտրել:
Սև գույնի մեջ նշմարվում էին կարմիր լնդերը:
Երկար փնտրեց աչքերով:
Չգտավ:
Գետնից վերցրեց ջոնջոլե կոստյումը,գցեց ուսին ու …վազեց հասնելու հեռացող տղային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել