Ուկրաինայի շուրջ կատարվող իրադարձությունները սկսում են սառը պատերազմի երանգներ ստանալ: Այսօր համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ռուսական ռազմական տեխնիկայի մի մեծ շարասյուն շարժվում ռուս-ուկրաինական սահմանի ուղղությամբ: Եթե տեսանյութում երևացող տեխնիկան իսկապես շարժվել է Ուկրաինայի ուղղությամբ, ապա դա ՌԴ արտգործնախարարության` հունիսի 14-ին տարածած հաղորդագրության հետևանքն է, որում նշվել է, որ եթե Ուկրաինայի կողմից շարունակվեն ՌԴ պետական սահմանի խախտման դեպքերը, ապա ՌԴ-ն իրեն իրավունք կվերապահի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դրանք կանխելու նպատակով: Այս հայտարարության պատճառ է դարձել հունիսի 13-ին ուկրաինական հետևակի մարտական մեքենայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը Ռոստովի շրջանում խախտելու դեպքը: Եվ ուկրաինական կողմը` ԱՄՆ-ի անմիջական սատարումից ու խրախուսումից խիզախացած` անընդհատ սադրանքի է դիմում ու խախտում սահմանը, որպեսզի ռուսական զորքերը դրան պատասխանեն համարժեք քայլով ու ներխուժեն Ուկրաինայի հարավարևելյան ռուսաբնակ շրջաններ ու Ռուսաստանին մեղադրեն միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման, Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու, ագրեսիայի կիրառման ու նմանատիպ այլ շինծու մեղադրանքների մեջ: Իսկ ռուսները ձեռնարկում են համապատասխան քայլեր Ուկրաինային զսպելու ու նաև անհրաժեշտության դեպքում զենքի միջոցով այդտեղի ռուսներին պաշտպանելու համար: Ու դրան զուգահեռ նաև հակամարտ կողմերի` կոնկրետ ռուս-ուկրաինական սահմանին երկկողմ տարաբնույթ զորավարժություններ անցկացնելու, տարբեր զինատեսակներ փորձարկելու ու դրանցով միմյանց վախեցնելու ու սաստելու դեպքերը ստեղծում են այն տպավորությունը, որ ԱՄՆ-ն` այս դեպքում իր ձեռքին խաղալիք դարձած Ուկրաինային օգտագործում է նոր սառը պատերազմ սկսելու նպատակով: Երևի թե ԱՄՆ-ին շատ է դուր եկել նախորդ դարում ծավալված սառը պատերազմի սցենարը ու հատկապես արդյունքը, որի արդյունքում, ի վերջո, ԽՍՀՄ-ը չդիմացավ ԱՄՆ-ի հետ մրցակցությանը ու կազմալուծվեց: Մտածում են երևի, թե այս անգամ նույնպես իրենք կշահեն դրանից: Բայց ի վերջո գետն ամեն անգամ գերան չի բերում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել