Tert.am-ը գրում է.
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հավատացնում է` այն կետերը, որոնք իշխանությունն ի վիճակի է կատարել՝ կկատարի, անկախ ոչ իշխանական 4 ուժերի պահանջներից ու առավել ևս` հանրահավաքներ անելու հեռանկարից։ ԱԺ նախագահն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում միաժամանակ նկատեց, որ դրանց մեծ մասը հնարավոր է կատարել, եթե քառյակն էլ «մասնակից դառնա այդ խնդիրներին»։
Հարցին, թե ինձ ձևաչափով է տեսնում մասնակցությունը, ԱԺ նախագահը նշեց. «Այն ձևաչափով ինչպես հիմա են մասնակցում, քանի որ ինչպես կառավարությունը, այնպես էլ ԱԺ-ն հակված է ցանկացած հարց քննարկել քաղաքական մյուս ուժերի հետ»։
Գալուստ Սահակյանի խոսքով՝ 12 կետերի պահանջների հիմնական մասը նաև ընդգրկված է կառավարության ծրագրում. «Ինչպես օրինակ փոքր և միջին բիզնեսի կետն արդեն գործողության մեջ է։ Այսինքն՝ նրանք, որոնք հնարավոր է իրականացնել, այսինքն՝ հիմքեր ունի պետությունը, բնականաբար այդ ճանապարհով գնալու ենք։ Իմիջիայլոց, նույնիսկ եթե չկատարվեն էլ՝ օգնող են, բայց ես կարծում եմ դրանց մեծ մասը հնարավոր է կատարել։ Կատարել ոչ թե նրա համար, որ իրենք միտինգ պետք է անեն...միտինգ կարող են այսօր էլ անել, եթե հասարակական պահանջ լիներ, վաղուց միտինգները կանեին... այլ նրա համար, որ մեր ժողովրդի ցանկությունը դա է, բայց հաճախ ցանկությունն ու իրականությունն իրար հետ չեն համատեղվում»։
ԱԺ նախագահն ընդգծեց, որ իրենք ավելի ու ավելի մեծ ծրագրեր կարող են առաջարկել, բայց առաջնորդվում են հնարավորությունների սահմանից։ «Օրինակ՝ ասենք Արևմտյան Հայաստանը մերն է, դա ցանկության խնդիր է, բոլորի ցանկության, բայց իշխանությանը պարտադրել, դա, կարծում եմ, խնդիր չէ. Այնուհանդերձ, ինչքան էլ ընդդիմությունը կարողանա միասնական խնդիրներ դնել, և կառավարությունը նաև քննարկելի դարձնի իր համար, համատեղ աշխատանքի դաշտ կստեղծվի, որը մեր դեպքում համատեղելի է»,-նշեց նա։
ԱԺ նախագահը նկատեց, որ, իհարկե, շատ լավ է, որ քառյակը ցանկություններ ունի. «Այն իմաստով, որ վերջին հաշվով ընդդիմությունը պիտի հասկանա, որ պետք է կառավարման պրոցեսներին մաս դառնա, ինչպես քաղաքացիական նախաձեռնություններն են։ Սա առաջին փորձն է, և դրական եմ գնահատում, որ կառավարման խնդիրներին մասնակցություն ունենան բոլորը: Դե, իհարկե, քաղաքական թիմեր են, PR-ի տեսակետից այլ որդեգրումներ են... «եթե հանկարծ չանեն, մենք միտինգ ենք անելու» և այլն, և այլն... Կարծում եմ՝ նման բաները պիտի հանել քաղաքական դաշտից, որովհետև վետո դնելով՝ խնդիրները չեն լուծվում»։
Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել էր, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում պահանջները կատարել, քանի որ պոպուլիստական պահանջներ են, Սահակյանը նկատեց. «Եթե քաղաքական թիմեր են, նաև պոպուլիզմը պիտի լինի, բայց պոպուլիզմը պիտի առանձնացնել ու փորձել պրակտիկ ձևով խնդիրները լուծել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



