Tert.am-ը գրում է.
Իրավապաշտպանները տարբեր գնահատականներ ունեն՝ կապված այն փաստի հետ, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի՝ իր ընտանիքի անդամներին ուղղված երկու նամակներում ջնջված տողեր կան:
Tert.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն օրինակ՝ մեկնաբանելով այս փաստը, որպես իր անձնական կարծիք հայտնեց.«Կարծում եմ, որ այդտեղ միջամտություն կա անձնական կյանքի հարգանքին իրավունքին: Այսինքն՝ եթե անձը իր հարազատներին բան է ուղարկում, էդ նամակի բովանդակությունը պիտի հայտնի լինի միայն երկուսին, եթե չկա դատարանի որոշում, որը թույլ է տալիս անձնական կյանքի ազատությանը միջամտություն: Եթե այդ նամակագրությունը պիտի լինի, այն պիտի լինի անմիջական, և որևէ մեկն իրավունք չունի ինչ-որ բան ջնջել, ոչնչացնել»:
Հիշեցնենք,Tert.am-ի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը հայտնել էր, որ հունիսի 13-ին իրենց՝ Հակոբի անունից փոխանցված նամակներում որոշ տողեր ջնջված են եղել և որ նամակներում Հակոբ Ինջիղուլյանը գրում է, թե իր հետ ամեն ինչ կարգին է, իրեն ոչ ոք չի նեղացնում:
Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, նույն հարցի շրջանակներում Tert.am-ին ասաց, որ դա առաջին դեպքը չէ, որ Կարմիր խաչը տեղեկատվություն է ջնջում, ապա ավելացրեց, որ դա նրանց աշխատաոճն է:
«Այն ժամանակ, երբ մեզ թույլ էին տալիս զբաղվել նման հարցերով, հանդիպել ենք նման դեպքերի, ու իրենք բացատրում են դա նրանով, որ ունեն որոշ բաներ, որ իրենք չպետք է գրվեն, դա իրենց աշխատաոճն է … այսինքն՝ իրենք ունեն իրենց ներքին կանոնադրությունը, որում արգելված բաներ կան, բայց թե ինչ՝ չեմ կարող ասել»,-մեկնաբանեց իրավապաշտպանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ ամբողջովին վստահում է Կարմիր խաչին ու վստահ է, որ Բաքվում այս կազմակերպության ներկայացուցիչները հենց Հակոբի ներկայությամբ են ջնջել այդ տողերը:
Նա մանրամասնեց նաև դրա հնարավոր պատճառների մասին՝ ասելով, որ, նախ, պետք է լիովին հասկանալ Կարմիր խաչի մանդատի էությունը: Որ Կարմիր խաչի գրասենյակները ոչ միայն տվյալ երկրում, այլ ամենուր աշխատում են տվյալ երկրի իշխանության հետ որոշակի համաձայնության շրջանակների հիման վրա:
Քանի որ գոյություն ունի «պետական կամ ռազմական գաղտնիք» հասկացություն, նամակագրությունը կատարվում է գաղտնիության սկզբունքն ապահովելու հիման վրա: «Այսինքն՝ որոշակի պայմաններ կան, որոնց պահպանման դեպքում է, որ հնարավոր է լինում ապահովել Կարմիր խաչի գործունեությունը տվյալ երկրում և իրականացնելու իր մանդատը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Շարունակությունն՝ այստեղ



