Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ուկրաինացի ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել է, որ ուկրաինական բանակը երկրի արևելքում «աշխարհազորայիններից» ազատագրել է 11 բնակավայր է և ոչնչացրել գրոհայիններին պատկանող զենքի 7 շարասյուն: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությանը:

«Ընդհանուր առմամբ Լուգանսկի և Դոնեցկի մարզերի մի շարք բնակավայրերում դադարեցվել է վարձկան գրոհայինների գործունեությունը: Ահաբեկիչներից մաքրվել է 11 բնակավայր: Վերջին օրերին մեր պետության տարածք ներթափանցելու փորձի ժամանակ ոչնչացվել է զենք-զինամթերքով 7 ավտոշարասյուն, ոչնչացվել են մի քանի տանկեր, զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Այսօր մեր զինվորականները գրավել են ևս մեկ ռեակտիվ համակարգ»,- հայտարարել է նա:

«Դուք պետք է իմանաք, որ այսօր ուկրաինական բանակն առաջին անգամ հակահարձակման է դիմել: Մեր զինվորականները սկսել են ճնշել ահաբեկիչներին: Ես Ուկրաինայի զինված ուժերի առջև առաջնահերթ խնդիր եմ դրել՝ վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի պետական սահմանը, որի միջոցով ահաբեկիչները ստանում են զենք, տեխնիկա, ամրացում, գումարներ: Միայն վերջին 4 օրերին հատուկ գործողության շրջանակներում խաղաղություն և կարգուկանոն է հաստատվել Մարիուպոլում, վերահսկողության ներքո է առնվել պետական սահմանի 248 կմ»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել