Lurer.com-ը գրում է.
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջատար ըմբիշները պատրաստվելու են հունիսի 27-29-ը Դորտմունդում կայանալիք ներկայացուցչական միջազգային մրցաշարին` «Գերմանիայի Մեծ մրցանակի» խաղարկությանը: Հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը հայտնում է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակն արդեն լավ է:
Ընտրանու անդամները հունիսի 16-ից Երևանում Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ սկսվելիք ուսումնամարզական հավաքով կնախապատրաստեն դորտմունդյան ստուգատեսին: Նախատեսվում է, որ Գերմանիայում ևս, ինչպես իտալական մրցաշարում էր, Հայաստանի ընտրանին հանդես կգա իր ուժեղագույն կազմով: Պարզապես կլինեն որոշ քաշային կարգեր, որոնցում մեր հավաքականը կներկայացնի 2-ական ըմբիշ: Հայաստանի ըմբշմարտի ֆեդերացիան հայտնում է, որ միայն դրանից հետո պարզ կլինի աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականի վերջնական կազմը: Ինչ վերաբերում է հավաքականի առաջատար ըմբիշներից մեկին, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Յուրի Պատրիկեևին, ապա նա դեռ մտածմունքների մեջ է: Ըստ նոր քաշային կարգերի՝ նա պիտի բարձրանա 130 կգ-ի, մինչդեռ առայժմ կշռում է 110 կգ: Իսկ նրա համար 20 կգ քաշի ավելացումը մի քիչ բարդ հարց է: Այնպես որ, Յուրի Պատրիկեևի վերադարձը դեռևս հարցականի տակ է, ցանկությունը մեծ է: Եթե նա վերադառնա, ապա միայն օլիմպիական խաղերի համար: Ըմբիշը շարունակում է մարզվել: