Մեր երկրում, առնվազն մայրաքաղաքում, կարծես հասարակական-քաղաքացիական պայքարի նոր սուբյեկտ է ձեւավորվում, հասկանալի է՝ համապատասխան թիրախ-նպատակներով: Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների չափերի, վճարովի ավտոկայանման «կարմիր գծերի» թեման ավելի ու ավելի հաճախ է արծարծվում պետական հաստատություններում, քաղաքական ուժերի կողմից, առհասարակ հասարակության մեջ, մամուլում, սոցցանցերում:
Այս հարցում առավել նկատելի է բողոքի ակցիաներ կազմակերպող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության դերակատարումը: Նախօրեին էլ, ահավասիկ, այս նոր նախաձեռնությունը բողոքի ավտոերթ էր կազմակերպել, որը, այսպես ասենք, աննկատ չմնաց: Հասկանալի է, ոստիկանների հետ բանակցություններ, նաեւ քաշքշուկ (առանց քաշքշուկի մեզանում ոչ մի հարց տեղից չի քաշքշվում), բերման ենթարկել եւ այլն՝ այդ ոգով:
Մի խոսքով, կարելի է նշել, որ սկսվում է մի նոր պայքար, որը ակնկալելի էր շատ ավելի վաղ, այսինքն՝ այդ «կարմիր գծերը» նկարելուց ու համատարած վճարովի ավտոկայանատեղիներ ներդնելուց անմիջապես հետո:
Համենայն դեպս, միանգամայն հավանական է, որ «կարմիր գծերի» դեմ շարժումն էլ ծավալվի, ինչպես ամիսներ առաջ ծավալվեց հակակուտակային «Դեմ եմ»-ը: Համենայն դեպս, նախաձեռնության մեկնարկային քայլերը շատ նման են նախորդի գործելակերպին:
Հարկ է նաեւ նկատել, որ հարցը միայն «կարմիր գծերին» չի վերաբերում: Վարորդ կամ մեքենայատեր քաղաքացիները նմանապես բողոքում են արագաչափերից, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքներից ու հատկապես տուգանքների չափերից: Բայց երեւի «դանակը» կարմիր գծերի վրա «ոսկորին հասավ», քանի որ արագաչափերն արդեն շուրջ 2 տարի է, ինչ ներդրվել են:
Ամեն դեպքում, պարզվում է, որ հարցը նաեւ կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է հայտնվել: Երեկ խորհրդարանում տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, հարցերից մեկին անդրադառնալով, մասնավորապես հայտարարել է. «Առանց չափազանցելու՝ հարցն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Անգամ երեկ վարչապետի մոտ այս խնդիրներով քննարկում է եղել, որն ավելի համապարփակ բնույթ է ունեցել, որովհետեւ մենք քննարկել ենք ոչ միայն կարմիր գծերին առնչվող հարցեր, այլեւ արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի:
Կառավարության գործունեության ծրագրում կա դրանց մասին անդրադարձ, կան հստակ հանձնարարություններ վարչապետի կողմից: Առաջիկայում համապատասխան օրենսդրական փաթեթ կքննարկվի, որոնք վերաբերում են այս խնդիրներին»:
Մի կողմից, իհարկե, հասկանալի է, որ արագաչափերը, տեսախցիկները, ամեն դեպքում, առաջընթաց են: Իմանալով, որ տվյալ խաչմերուկը, փողոցը, ճանապարհը տեսահսկվում է, կամ արագաչափ է դրված, վարորդների թերեւս 70-80 տոկոսն իրեն շատ ավելի զուսպ ու կանոնավոր է պահում: Եվ այդ ձեռքբերումը թերեւս չի կարելի «ջուրը գցել»: Ինչպես ասվում է՝ վարիր մեքենադ ըստ կանոնների ու մի տուգանվիր: Բայց երեւանյան երթեւեկության պայմաններում շատերը կհաստատեն, որ դա այնքան էլ դյուրին գործ չէ՝ «վարել բացառապես ըստ կանոնների»: Ամեն դեպքում, այնպես չէ, թե մենք կողմնակից ենք անկարգ երթեւեկության, կամ այլ անարխիստական տրամադրություններ կան:
Բայց, մյուս կողմից, տուգանքների չափերն իսկապես շոշափելի են՝ 5, 10, 15, 20 հազար դրամ: Եթե որեւէ վարորդ ամսվա մեջ 1 կամ 2 արձանագրված խախտում կատարի, ապա 20-30 հազար տուգանվելը զգալի գումարի կորուստ է՝ միջին վիճակագրական քաղաքացու համար: Այստեղ, կարծում ենք, տարբերակված մոտեցում պետք է լինի, եւ դրան կարելի է օրենսդրական ձեւակերպում տալ:
Մանավանդ եթե երթեւեկության մեծ մասը հիմնականում տեսահսկվում է, ապա որեւէ տեխնիկական բարդություն չկա պարզելու համար՝ այս կամ այն խախտումը հարուցե՞լ է ծանր հետեւանքներ, թե՞ոչ (մահ, մարմնական վնասվածք, ՃՏՊ, վթար): Եթե ծանր հետեւանքներ կամ վթարային փաստացի իրավիճակ ունեցող խախտում է, ապա, խնդիր չէ, թող օրենքը ողջ տուգանային խստությամբ կիրառվի:
Բայց եթե, ասենք, մարդն ուղղակի շարքերի սխալ վերադասավորում է կատարել՝ առանց հետեւանքների ու անգամ խցանում հարուցելու, կամ խաչմերուկում «կարմիրի տակ» մի թեթեւ հատել է համապատասխան գիծը, թերեւս կարելի է խորհրդանշական տուգանքով բավարարվել կամ անգամ խրատել, հորդորել, լրացուցիչ պարտադիր «դասի» կանչել: Ի վերջո, նպատակը մարդուն ավելի կարգապահ դարձնելն է, այլ ոչ թե, ասենք, հենց միայն գրպանին հարվածելը: Սա՝ իր հերթին:
Շատ ավելի ուշագրավ է այլ բան: Ըստ հրապարակված տվյալների` միայն անցյալ տարի ու միայն արագաչափերի եւ տեսախցիկների կիրառմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը հասել է (բռնվեք, եթե չգիտեիք) 8 մլրդ 950 մլն դրամի: Հապա միայն ասեք՝ 8, համարյա՝ 9 միլիարդ դրամ, եւ սա, դեռ չհաշված ճանապարհային ոստիկանների նշանակած եւս 2,4 միլիարդ դրամի տուգանքները:
Տողերիս հեղինակին շատ ավելի հետաքրքրում է այն, որ փաստորեն այդքան գումար, շուրջ 10 միլիարդ դրամ, այսինքն՝ շուրջ 25 միլիոն դոլար, փաստացի դուրս է եկել մեր՝ համեմատաբար վճարունակ քաղաքացիների գրպանից, ու, որ կարեւոր է, մեր երկրի ապրանքաառեւտրային շրջանառությունից: Այսինքն՝ միայն անցյալ տարի մարդիկ առնվազն 25 միլիոն դոլարով ավելի քիչ առեւտուր են արել, խնայել բանկերում, ներդրել մեկ այլ ոլորտում եւ այսպես շարունակ, քանի որ նրանք այդ գումարներով ընդամենը տուգանք են վճարել:
Դե, իսկ հիմա պատկերացրեք այդ ծավալի գումարի «պակասորդը» իրական տնտեսության մեջ՝ իր մուլտիպլիկատիվ էֆեկտով: Դա նշանակում է նաեւ ավելի քիչ սպառված ապրանքներ, ավելի նվազ շրջանառություն եւ այսպես շարունակ՝ ողջ շղթայով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել