Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է խանգարում Ձեզ մասնագիտական հաջողություններ արձանագրել: Ստորև ներկայացված են մասնագիտական ձախողման ամենատարածված պատճառները:
1 Դուք անգամ վախենում եք փորձել

Սա մարդկանց ձախողման ամենատարածված պատճառն է: Անհնար է որևէ բանի հասնել, եթե վախենում ես անգամ փորձել դա: Ինչպե՞ս մարդ կարող է վիճակախաղում շահել, եթե վիճակախաղի տոմս չգնի: Բոլորը չէ, որ վախենում են մոտենալ իրենց երազանքին, սակայն հաճախ անգամ նրանք, ովքեր բավականին համարձակություն ունեն դրա համար, ժամանակից շուտ հիասթափվում են՝ տեսնելով, որ ցանկալի արդյունքներն ուշանում են: Նրանք անհամբեր են, ու դա միանգամայն բնական է: Երբ մենք ինչ-որ բան ենք նախաձեռնում, բոլորս էլ անհամբեր սպասում ենք արդյունքներին: Այնուամենայնիվ, կարիերայում հաջողության հասնելու համար նպատակասլացություն, խիզախություն, նվիրվածություն և համբերատարություն է պետք, իսկ վախը ոչ մի կերպ չի օգնի Ձեզ:
2 Դուք արդարացումներ եք որոնում
Մեզնից յուրաքանչյուրի շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր իրենց սխալների համար արդարացումներ են գտնում, մեղադրում են բոլորին, միայն թե ոչ իրենք իրենց: Բնավորության այս գիծը թույլ չի տա Ձեզ հաջողության հասնել մասնագիտական ասպարեզում: Երբ ուրիշներին եք մեղադրում Ձեր անհաջողությունների մեջ, դրանով իսկ ընդունում եք, որ Ձեր կյանքը դուրս է Ձեր վերահսկողությունից, և Դուք չեք կարող հարմարվել շրջապատի փոփոխություններին: Անշուշտ, կան բաներ, որոնք մենք չենք կարող վերահսկել, և որոնց համար մենք իսկապես մեղավոր չենք, սակայն պետք չէ ուրճացնել պատկերը:
3 Դուք չափից ավելի շատ եք վախենում ձախողումից

Շատերն են վախենում ձախողումից, և դրա մեջ ոչ մի անբնական բան չկա: Ձախողումը հուշում է այն մասին, որ Դուք դեռ պատրաստ չէիք հաղթահարել Ձեր առջև ծառացած դժվարությունը, սակայն վախը կարող է հյուծիչ լինել: Այն կարող է խլել Ձեր ողջ էներգիան և հետ պահել Ձեզ Ձեր նպատակների իրականացումից: Մարդիկ հաճախ հենց վախի պատճառով են ձախողման ենթարկվում իրենց աշխատանքում, ինչպես նաև կյանքի մի շարք այլ ասպարեզներում: Անպայման փորձեք իրականացնել Ձեր մասնագիտական նպատակները: Անգամ եթե ձախողվեք, Դուք ինքներդ Ձեզ չեք մեղադրի ձեռքերը ծալած նստելու մեջ: Ռիսկը գործի կեսն է, ուստի համարձակորեն ռիսկի դիմեք:
4 Ձեր փոխարեն ուրիշներն են մասնագիտական որոշումներ կայացնում
Ցավոք, մենք կատարյալ միջավայրում չենք ապրում: Եթե ամեն ինչ կատարյալ լիներ, մենք հնարավորություն կունենայինք զբաղվելու մեր սիրած գործով և բավականաչափ գումար աշխատելու: Մեր ծնողները մտահոգվում են, որ մեր ընտրած մասնագիտությունը եկամտաբեր չէ, և փորձում են համոզել մեզ փոխել մեր որոշումը կամ ճնշում գործադրել մեզ վրա: Լինում են և այնպիսի դեպքեր, երբ ծնողները չեն կարողանում իրենց ցանկացած մասնագիտությունն ընտրել, և իրենց մասնագիտական ցանկությունները «փաթաթում են» իրենց երեխաների վզին: Օրինակ, եթե մայրիկը ողջ կյանքում երազել է պարուհի դառնալ, սակայն չի կարողացել, նա սկսում է ստիպողաբար պարի տանել իր դստերը: Որքան էլ որ ցանկանաք գոհացնել Ձեր ծնողներին, թույլ մի՛ տվեք, որ նրանք Ձեզ պարտադրեն իրենց կամքը:
5 Դուք բավականաչափ վստահ ու նպատակասլաց չեք

Որոշ մարդիկ մասնագիտական ձախողման են դատապարտված անինքնավստահության պատճառով: Նրանք, ովքեր երկար ժամանակ աշխատանք են որոնել և այդպես էլ չեն գտել, հաճախ տառապում են թերարժեքության բարդույթից: Գործատուները միշտ չէ, որ անաչառ սկզբունքներով են աշխատանքի ընդունում: Հաճախ գործում է խնամի-ծանոթ-բարեկամ հայտնի սկզբունքը, իսկ երբեմն էլ նրանք պարզապես բավականին պրոֆեսիոնալ չեն և պարզապես չեն կարողանում կադրային ճիշտ ռազմավարություն վարել: Արդյունքում աշխատանքի է ընդունվում այնպիսի մեկը, ով զիջում է Ձեզ իր մասնագիտական հմտություններով: Մի՛ շտապեք ինքներդ Ձեզ մեղադրել: Շարունակեք աշխատանքի որոնումները և անպայման հաջողության կհասնեք:
Կան մարդիկ, ովքեր բավականին ինքնավստահ, սակայն չափազանց ծույլ են: Եթե նրանց մնար, նրանք կվարձեին ինչ-որ մեկին, որպեսզի վերջինս իրենց փոխարեն հետապնդեր իրենց նպատակները: Գործատուներն իրենք չեն գալու և բախեն ձեր դուռը: Դուք ինքներդ պետք է դռներ բախեք: Դրա համար պետք է նպատակասլաց ու համբերատար լինել:
6 Մասնագիտական ընտրությունը Ձեզ համար սահմանափակ է
Մենք արդեն 21-րդ դարում ենք, և ժամանակակից կյանքի ռիթմից հետ չմնալու համար շարունակ նորանոր մասնագիտություններ են ստեղծվում: Այնուամենայնիվ, դժվար է գտնել լավ ու հեռանկարային աշխատանք: Կան աշխատանքներ, որտեղ աճի տեղ չկա: Ավելի ճիշտ, թեպետ աշխատողը գրանցում է մասնագիտական աճ, պաշտոնի բարձացում չի ստանում. աշխատանքի բնույթն է այդպիսին: Սա շատ է հիասթափեցնում այն մարդկանց, ովքեր մեծ նպատակներ են դնում իրենց առջև: Մի՛ հուսահատվեք, աշխատանքի բնույթն էլ կարող է փոխվել, աշխատանքն էլ, և առհասարակ ոչ ձախողումներն են հավերժական, ոչ էլ հաջողությունները:



