Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահն էր եւ որպես գերագույն գլխավոր հրամանատար չէր կարող չիմանալ գործողությունների անցկացման ստույգ ժամկետների մասին: Ավելին. նա ինքն էր որոշում կարեւոր հարձակողական գործողությունների ժամկետները: Եվ այն օրերին նա նույնիսկ քննադատվում էր դրա համար: Մասնավորապես Շուշիի ազատագրումը կարող էր տեղի ունենալ մի քանի շաբաթ շուտ, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել էր, որ գործողությունը պետք է տեղի ունենա մայիսի 8-ին, հավանաբար այն պատճառով, որ Շուշիի ազատագրման տոնը մենք նշեինք Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը: Առաջին նախագահին ժամանակին քննադատում էին նաեւ այն բանի համար, որ նա հարձակողական գործողությունների օրերին մեկնում էր արտասահման` ցույց տալու համար, թե դրանք տեղի են ունենում իր կամքից անկախ: Ինչպե՞ս կարող էր ժամկետներին անտեղյակ նախագահը արտա
սահմանյան պաշտոնական այցելություններ ծրագրել հենց այդ օրերին: Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս անձամբ չի պատասխանում եւ չի էլ պատասխանելու ռեժիմի ներկայացուցիչների նմանօրինակ զրպարտանքներին պայմանավորված է հենց այդ դիվանագիտական խաղով: Սրանք էլ օգտվում են առիթից: Բացի այդ. հայտնի է, որ խոշոր գործողությունների համար անհրաժեշտ ռազմամթերքը եւ վառելիքը ստացվում էր Երեւանից եւ առանց դրա հնարավոր չէր դրանք իրականացնել: Հետեւաբար այդ մատակարարումները ապահովող Երեւանը չէր կարող չիմանալ, թե ինչի համար է դա անում: - Ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանն իրենք իրենց ներկայացնում են որպես պատերազմի անմիջական մասնակից եւ ղեկավար: - Արցախյան պատերազմին Քոչարյանի մասնակցության եւ որպես «վոյին» ներկայանալու մասին կարծիքս ես ասել եմ դեռ 2003թ.-ին: Նա երբեք առնչություն չի ունեցել ռազմական գործողությունների եւ դրանց ղեկավարման հետ, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաճակատի որեւէ հատվածում ես նրան չեմ տեսել, որեւէ դաշտային հրամանատար նրանից հրամաններ չի ստացել եւ չի կատարել: Սերժիկ Սարգսյանը որոշ առնչություն ունեցել է: Ի տարբերություն ռազմական այլ գործիչների, որոնք ղեկավար դիրքեր էին ստանձնել իրենց վաստակի շնորհիվ, Սերժիկ Սարգսյանը Երեւանի ցանկությամբ ու կարգադրությամբ էր զբաղեցրել ղեկավար դիրք եւ զբաղվում էր հիմնականում թիկունքային եւ մատակարարման խնդիրներով: ՀՀ-ից ստացվող բոլոր նյութական միջոցները նա էր բաշխում: Երեւանը դա հատուկ էր արել, որպեսզի ջոկատները եւ նոր կազմավորվող զորամասերը, դրանց հրամանատարները կախվածության մեջ լինեին Սերժիկ Սարգսյանից, որը «Երեւանի մարդն» էր Ստեփանակերտում, այլապես նրա հետ ոչ ոք հաշվի չէր նստի: Եթե Արցախում կամ կռվող տղերքի մոտ ինչ-որ դժգոհություններ եղել են Հայաստանի ղեկավարությունից, ապա Սերժիկ Սարգսյանն է եղել այն մարդը, որ Ստեփանակերտում կատարել է այդ դժգոհություն առաջացնող գործողությունները: Եթե հիմա էլ նրա համար են փորձում պատերազմ հաղթողի կերպար ձեւավորել, ապա դա իրականության կոպիտ աղավաղում է եւ սուտ:
Ժիրայր Սեֆիլյան , Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: