Սիրիայի արևելյան՝ էներգակիրներով հարուստ Դեր-Զոր նահանգում վերջին 3 օրերի ընթացքում թեժ զինված բախումներ են տեղի ունեցել իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների միջև. ըստ Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կազմակերպության տրամադրած տեղեկատվության՝ արդեն իսկ կա 50 զոհ:
Մարտերն ընթանում են Սիրիայում «ալ-Կաիդայի» թևավորումը հանդիսացող «Նուսրայի ճակատ» և նույն «ալ-Կաիդայի» կողմից մերժված «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կազմակերպությունների մասնակցությամբ:
Այս երկու կառույցների միջև հակամարտության հիմքում հատկապես տնտեսական խնդիրներն են: Մինչ այս իսլամականները մարտնչում էին Թուրքիային սահմանակից շրջաններում վերահսկողություն սահմանելու համար. սահմանային անցակետերի վերահսկողությունը բավականաչափ շահութաբեր գործունեություն էր: Մինչդեռ արդեն 2014-ի փետրվար-մարտ ամիսներից «ԻՇԻՊ»-ն աստիճանաբար նահանջեց դեպի՝ Իրաքին սահմանակից շրջաններ, որոնք հարուստ են էներգակիրներով, և որտեղ կառույցի դիրքերը բավականաչափ ազդեցիկ են քանի որ այն պարբերաբար համալրումներ է ստանում Իրաքի տարածքից:
Այս միջադեպը գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը, քանի որ Սիրիայում հակամարտությունն ընթանում է ահաբեկչական համարվող երկու առանցքային կազմավորումների միջև, մինչդեռ տարաբնույթ դրդապատճառներով որքան լոկալ բնույթի բախումներ են գրանցվում ավելի նվազ չափերով, միայն կանխատեսել կարելի է, քանի որ տարբեր տվյալներով ավելի քան 1200 խմբավորումներ են հանդես գալիս Սիրիայի տարածքում:
Եվ արդեն ավելի քան երեք տարի շարունակվող սիրիական ճգնաժամի շրջանակներում տեղի ունեցող գործընթացների ներկա միտումներն ուսումնասիրելիս ոչինչ չի մնում, քան համաձայնել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի արդեն պաշտոնաթող ներկայացուցիչ ալ-Ախդար ալ-Իբրահիմիի այն կանխատեսմանը, որ Սիրիան նոր Սոմալի կդառնա։ Այն չի մասնատվի, ինչպես կանխատեսում էին շատերը։ «Այն կվերածվի չկայացած պետության՝ դաշտային հրամանատարների վերահսկողության ներքո»։



