Lurer.com-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության 2013 թվականի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1 տրիլիոն 071.4 միլիարդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 125.2 միլիարդ դրամով կամ 13.2%-ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.8%-ով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի հաշվետվության ներկայացման ընթացքում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100%-ով, այլ եկամուտները 8.2%-ով գերազանցել են ճշտված ծրագրային ցուցանիշը, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 66.2% կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 6.8 մլրդ դրամ»,- ասաց նա:
Պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 31.2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 98.5%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 40.2 միլիարդ դրամ` ապահովելով 99.8% կատարողական:
Հարկային եկամուտների և պետական տուրքերի կատարողականը առանց արտաբյուջետային միջոցների կազմել է 100%, այլ եկամուտները ճշտված ծրագրային ցուցանիշը գերազանցել են 19.9%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 60.9%:
Ջանջուղազյանը նշեց, որ հաշվետու տարում ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 25.11%, որը 1.44 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և 2.35 տոկոսային կետով` կանխատեսված ցուցանիշը: 2012 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտների 13.2%-ով աճը գերազանցապես պայմանավորված է հարկային եկամուտների 13.9% աճով: «Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել նաև մյուս եկամտատեսակների գծով մասնավորապես` այլ եկամուտներն աճել են 16.3%-ով կամ 8 մլրդ դրամով, պետական տուրքերը` 14.5%-ով կամ 3.5 մլրդ դրամով: Միևնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 28.9%-ով կամ 5.4 մլրդ դրամով»,- ասաց գլխավոր գանձապետը:
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Ավելի վաղ 2013թ. պետբյուջեի կատարողականի նախագիծը քննարկվել էր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, իսկ այնուհետև բոլոր հանձնաժողովներում առանձին-առանձին:



