ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վերաբերյալ ֆեյսբուքյան ընկերներիցս Արմեն Հակոբյանի հոդվածում մի հատված կա, որ շատ եմ հավանել..
Չնայած «չար լեզուները» փսփսում են, թե ԲՀԿ-ն «տակից» նման աջակցություն (ինչպես նաեւ ֆինանսական) ցուցաբերում է՝ որոշ քանակ ապահովելով, օրինակ, ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին։ Բայց հասկանալի է, որ դա այն չէ, եւ հետո դրանք ընդամենը չհաստատված խոսակցություններ են։ ՀԱԿ-ը կցանկանար ձեռքում ավելի շոշափելի բան ունենալ, ասենք, ԲՀԿ խմբակցության մասնակցությունը «Հարսնաքարի» միջադեպի կապակցությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությանը։
Երեկվա ասուլիսում այս առնչությամբ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ահա թե ինչ ասաց. «Հարսնաքարի» դեպքի հետ կապված մենք ասել ենք ամեն ինչ, ինչ կարելի էր ասել։ Ինչ վերաբերում է աննպատակ գործողություններին, իսկ խորհրդարանական այդ նախաձեռնությունը աննպատակահարմար էր եւ աննպատակ էր, որովհետեւ ո՞ւմ պարզ չէ, որ նիստը չէր կայանալու, ավելի ճիշտ, նիստը կայանար էլ, քվորում չէր լինելու, հետեւաբար՝ նիստը չէր կայանալու։ Ի՞նչ է դա՝ քաղաքական ակցիա՞, շահարկո՞ւմ դժբախտության, ողբերգության՝ հանուն սեփական ինչ-որ խնդիրների լուծմա՞ն։ Մենք դրա տակ չենք մտնելու»։
Սա, կարելի է ասել, ինքնախարազանիչ հայտարարություն է։ Եվ ոչ միայն ինքնախարազանիչ, այլեւ այնպիսի մի հայտարարություն է, որը ծիծաղելի վիճակի մեջ է դնում թե ԲՀԿ-ին, թե այդ կուսակցության եւս 6 ներկայացուցիչների, չհաշված իրեն՝ Ուրիխանյանին։
Բանն այն է, որ «Հարսնաքարի» դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ստորագրել են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաեւ խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանն ինքը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը եւ Վահե Հովհաննիսյանը։
Բայց հիմա Տիգրան Ուրիխանյանը փաստորեն յուրովի հրաժարվում է իր ստորագրությունից, քանզի ստացվում է, որ ինքը ստորագրել է աննպատակ ու աննպատակահարմար նախաձեռնության տակ։ Ու այնպիսի անվրդով դեմքով է ասում՝ «մենք դրա տակ չենք մտնելու», կարծես ինքն ու իր 6 կուսակիցները չէին, որ «մտել էին դրա տակ»։
Այ քեզ քաղաքական երկերեսանիությո՜ւն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nana.gndoyan/posts/304942799603976
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել