Panorama.am-ը գրում է.
Ամռան ամիսներին ավելանում է բժիշկներին դիմող սնկային հիվանդությամբ տառապող կանանց թիվը: «Արմենիա» ԲԿ մաշկաբան Կարեն Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամիսներին կանայք բաց շորեր ու կոշիկներ են հագնում, իսկ սնկային հիվանդությունը նաև կոսմետիկ տհաճություն է, որից պետք է ազատվել:
«Սա չի նշանակում, որ կանանց շրջանում հիվանդությունն ավելի տարածված է, սեռային տարանջատում այս առումով չկա: Հիվանդությունը հավասարապես հանդիպում է թե կանանց, թե տղամարդկանց շրջանում: Տղամարդիկ դիմում են տարվա բոլոր եղանակներին հավասարապես»,-ասաց մասնագետը, նկատելով, որ երեխաների շրջանում հիվանդությունը բացառել չի կարելի, սակայն ավելի քիչ տարածված է:
Բժիշկ Վարդանյանը հիշեցնում է, որ հիվանդությունը տարածվում է հիվանդ մարդու հետ շփման միջոցով, հիվանդության հիմքում հիգիենայի կանոնների չհետևելն է:
«Լողավազան առանց ռետինե հողաթափերի այցելելն արդեն հիգիենայի կանոնների խախտում է, ու վարակի վտանգ կա»,-զգուշացրեց մասնագետը:
Կ. Վարդանյանն օրինակ խորհուրդ է տալիս, որ կոշիկ գնելիս այն փորձեն մեկանգամյա օգտագործման գուլպայով, իսկ տղամարդիկ ոչ մի դեպքում չգնեն ցուցափեղկում եղած կոշիկը:
Կ. Վարդանյանի խոսքով, հիվանդության նշանների դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել մաշկաբանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



