Չինաստանը ընդլայնում է տնտեսական ներկայությունը Կենտրոնական և Արևելյան ԵվրոպայումPanorama.am-ը գրում է.

Չինաստանի առևտրի նախարար Գաո Խուչենը այսօր հայտարարել է, որ Չինաստանը և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրները ընդլայնելու են առևտրա-տնտեսական համագործակցությունը և կխրախուսեն ներդրումները:

Այսօր Չինաստանի Նինբո քաղաքում տեղի է ունենում Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների առևտրի և էկոնոմիկայի նախարարների հանդիպումը, որին մասնակցում է եվրոպական 16 երկրի պաշտոնական ներկայացուցիչ:

Գ.Խուչենը նշել է, որ Պեկինը աջակցելու է չինական ընկերությունների ներդրումներին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ու կակտիվացնի կապերը գիտա-տեխնիկական, բնապահպանական, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: 

2013թ.-ին Բուխարեստում տեղի է ունեցել «Չինաստան-Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա» գագաթաժողովը, որին չինական կողմը ներկայացնում էր Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանը:

Գագաթաժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական կապերը:Պեկինը նպատակ ունի կրկնապատկել եվրոպական 16 երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալը:
Եթե 2001թ.-ին Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում էր 4.3 միլիարդ դոլար, ապա 10 տարի անց այն կազմել է 52.9 միլիարդ դոլար: Ներդրումների ծավալը նախորդ տարի կազմել է 800 միլիոն դոլար:

Բուխարեստում կայացած գագաթաժողովի ընթացքում Լի Կեցյանը խոստացել էր 10 միլիարդ դոլար ներդնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում: Չինաստանը Եվրոպայի այդ մասում մասնակցելու է ջերմա և հիդրոէլեկտրակայանների, ավտոճանապարհների և այլ ենթակառուցվածքների շինարարությանը: Ռումինիայում, Հունգարիայում և Սերբիայում Չինաստանը մասնակցելու է երկաթգծերի շինարարությանը: 

Չինաստանը ակտիվ ներդրումներ է կատարում նաև տնտեսական բարդ իրավիճակում գտնվող Հունաստանում: Պեկինը Հունաստանին տրամադրել է 5 միլիարդ դոլարի վարկ՝առևտրային նավատորմի արդիականացման և Չինաստանում 162 նավ գնելու համար: Չինական կողմը նաևաջակցել է Հունաստանի Պիրեյ նավահանգստի և Աթենքի միջազգային օդանավակայանի վերակառուցմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել