Հայաստանում գրեթե բոլորը գիտեն, որ Օրինացը այն եզակի կուսակցությունից է, որը ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում: Իհարկե, նախանձել կարելի է Արթուր Բաղդասարյանի քաղաքական փորձառությանը: Ինչի եմ սա ասում: Նոր կարդում եմ, որ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Ազգային ժղովի նախագահին առաջարկեց էլեկտրաէներգիայի հավանական թանկացման հարցով կազմակերպել խորհրդարանական լսումներ: Ըհը, ՕԵԿ-ը շատ ճիշտ է թիրախը ընտրել: Բան չեմ ասում` շատ լավ նախաձեռնություն է, նույնիսկ անհրաժեշտ: Լավ, ՕԵԿ-ին թողնենք, նա չէ քննարկման թեման:
Հիմա խնդրի մասին, որը լուրջ տնտեսական ու սոցիալական նշանակություն ունի մեր երկրի ու ժողովրդի համար:
Աբսուրդ է, երբ ոչ թե «Հայաստանի էլեկտրական ցանցերն» են դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հոսանքի գները թանկացնելու համար, այլ, խնդրում եմ ուշադիր` հանձնաժողովը ուսումնասիրել է ու տեսել, որ էդ «խեղճ» մարդիկ վնասով են աշխատում, կորուստներ ունեն, ուստի պետք է էդ 20 մլրդ կորուստը փակելու համար հոսանքի գինը թանկացնել: Պարզ է չէ՞, ՀԾԿ հանձնաժողովը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ է»: Այստեղ պետք է հնչեցնել հռետորական հարց` հարգելի իշխանություններ սա պետությո՞ւն է, թե ինչ, ձեզ համար այս աղքատ բնակչությունը մի գրոշի արժեք ո՞ւնի, թե ոչ: Դուք գիտե՞ք, թե հոսանքը թանկանալու պարագայում, ինչ տեղի կունենա մյուս ապրանքների գների հետ: Այո, բնականաբար այդ ապրանքներն էլ են թանկանալու: Ու սրա վերջը ի՞նչ է լինելու: Մինչև ե՞րբ:
Կրկնում եմ, հարցերս հռետորական է, պատասխան չեմ ակնկալում, քանի որ պատասխանն ակնհայտ է:
Ամփոփենք. Հոսանքի գները թանկացնելու փոխարեն հորդորեք Էլ. Ցանցերի ղեկավարությանը, որ մի քիչ կրճատեն իրենց աշխատավարձները և անիմաստ «գործուղում-կայֆերը», որ իրենք չստանան մի քանի միլիոն դրամ աշխատավարձ, իսկ սովորական աշխատողը 100-150 հազար դրամ: Էդ կորուստը, կամ պակասորդը այդ և շատ ուրիշ միջոցներով կարելի է փակել, ոչ թե այս` հոգսերի տակ կքած ժողովրդի հաշվին:
Եզրափակենք. Վերադառնամ ՕԵԿ-ին ու քառյակի կուսակցություններին: Ինչու Հանրապետականին չէ, քանի որ նրանց լուռ համաձայնությամբ է տեղի ունենում այս և մի շարք այլ համատարած թալանները ժողովրդից: Ինչու ՀՀԿ-ին չէ, որովհետև միևնույն է նրանք խորիմաստ գլուխները տմտմբացնելու են, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացնի հոսանքի թանկացման այդ անբովանդակ, անիմաստ և հակաժողովրդական հիմնավորումները: Ինչ է մնում մյուս կուսակցություններին` մինչև վերջ կռիվ տալ, որ դա տեղի չունենա, այլապես նրանց էլ ժողովուրդը կհարցնի` գնացել նստել եք պառլամենտում, կամ հարցի հետ կապված խորհրդարանական լսումներ անցկացրեցիք, որ ի՞նչ անեք:
Հ.Գ. Հոսանքի թանկացման դեմ անհրաժեշտ է նաև համաժողովրդական բողոքի ալիք: