Հատված Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Ռազմական օդաչու» գրքից
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ մերձավորի հանդեպ սերը Մարդու մեջ վերածում է պարգևի:
Ես հասկանում եմ անհատից պահանջվող Հնազանդության իմաստը խորությամբ: Հնազանդությունը չի նսեմացնում մարդուն: Այն բարձրացնում է մարդուն: Այն բացահայտում է Սուրհանդակի ինքնությունը: Հնազանդության միջոցով իրականացվում է հարգանք առ Աստված ոչ միայն մերձավորի, այլև Սուրհանդակի՝ ինքն իր նկատմամբ: Նրա, ով գիտակցում է իր՝ Աստծո նախանշած ուղիով ընթանալու առաքելությունն ու Աստծո մունետիկ լինելու փաստը:
Հնազանդությունը ինքն իրեն մոռանալու՝ միաժամանակ ինքն իր բարձրացնելու ցուցում է: Հենց անհատը սկսում է սեփական կարևորությունը գերագնահատել, նրա ուղին անմիջապես դեմ է առնում պատի:
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ պատգամում է հարգանք ինքն իր նկատմամբ, այսինքն՝ հարգանք Մարդու նկատմամբ՝ ինքն իր միջոցով:
Ես հասկանում եմ վերջապես՝ ինչու առ Աստված սերը մարդկանց պարտավորեցնում է մեկը մյուսի հանդեպ պատասխանատվություն ունենալ և նրանց՝ որպես բարի գործ կատարողների Հույս ներշնչել: Չէ՞ որ յուրաքանչյուր մեկը Աստծո կողմից ուղարկված Սուրհանդակ է, և ամեն մեկին տրված է բոլորի փրկությունը: Եվ ոչ մեկն էլ իրավունք չունի հուսահատվելու, որովհետև յուրաքաչյուր մարդ, որպես մունետիկ, առավել կարևոր է, քան հենց ինքը՝ մարդը: Հուսահատությունը հավասարազոր է ինքն իր ներսում Աստծուն մերժելուն: Հույսի պատգամը կարելի է փոխանցել հետևյալ կերպ. «Նշանակում է՝ դու քեզ վերագրում ես այդպիսի մեծ կարևորությո՞ւն: Որքան ինքնագոհություն կա քո հուսահատության մեջ»:
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ ասում է՝ յուրաքանչյուր մեկը պատասխանատու է բոլորի համար, և բոլոր մարդիկ պատասխանատու են յուրաքանչուր մեկի համար: Անհատը պետք է ինքնազոհողության գնա ընդհանուրի փրկության համար, սակայն այս իրողությունը տարրական թվաբանության հետ կապ չունի: Ամբողջ հարցը առ Մարդ հարգանքն է անհատի միջոցով: Այո, իմ հոգևոր մշակույթի վեհությունն այն է, որ հարյուր հանքագործներ կարող են վտանգել իրենց կյանքը՝ հանուն փորձանքի մեջ հայտնված իրենց ընկերոջ: Քանի որ նրանք փրկում են Մարդու:
Հաշվի առնելով այս ամենը՝ ես հասկանում եմ՝ ինչ ասել է ազատություն: Դա ուժային տիրույթում սերմից աճող ծառի ազատությունն է: Այն գործադրած ջանքերի շնորհիվ Մարդու աճն է: Այն նման է հանդիպակաց փչող քամու: Միայն շնորհիվ այդ քամու է առագաստանավը բաց ծովում ազատ տեղաշարժվում:
Մարդը, ով դաստիարակվել է այս օրենքներով, ի վիճակի է տիրապետել ուժը զորավոր ծառի: Նա ունակ է իր արմատները տարածել՝ ընդգրկելով ինչպիսի՜ տարածքներ: Եվ մարդկային ինչպիսի՜ արժեքավոր որակներ նա կարող է կլանել՝ արևի տակ ծաղկելու համար…