Յուրաքանչյուր անմեղ Զոհի շիրմից ծաղկում են աներևույթ ծաղիկներ՝ ապրողների համար: Արդարության սովի մեջ ապրող մի երկրում՝ այսօր քանի~ հազար մարդ է կանգնել՝ Վահե Ավետյանի վարդանոցից վարդ քաղելու համար: Եվ իմ իրավունքը չէ որոշելու, թե ո՞վ կքաղի վարդեր կամ ու՞մ չի հասնի… Բայց երկու խոսք չեմ կարող չգրել – արդարության իմ սեղմ պատուհանից…
Ահա այս քաղաքական գործիչը – անմեղ, գրեթե մանկական աչքերով, ձեռքը մեկնել է, վարդանոցին և փունջ է ուզում… Շատ լավ, – բայց պետք է նա հիշի՝ ե՞րբ սկսվեց տեռորը ՄԱՐԴՈՒ նկատմամբ, ինչպե՞ս զոհվեցին Գերազնիկն ու Վիտյան, ինչպե՞ս ընկան Ղանդիլյանը, Վարդգես Պետրոսյանը, Համբարձումը… Ո՞ր քաղաքական ուժն է եղել տեռորի հիմնադիրը, որին հետևեցին հաջորդները՝ մինչև Հարսնաքար: Չէ՜, մեր քաղաքական գործչին չէր խանգարի մի կիսաբերան խոստովանություն և Զղջում – այնժամ նա միայն կարող է մոտենալ Վահեի վարդանոցին… Առանց Զղջման՝ քաղաքական ճարպկությամբ քաղած վարդերը նրա ձեռքին կփոշիանան:
Ահա այս ազնիվ գործիչները – նրանց կյանքը դեռևս խնայել է, երկրի աղբը նրանց դեռ չի դիպչել, մաքրության պսակը շողում է նրանց ճակատին: Եվ ո՞վ պետք է ստանա Զոհի սրտից ծաղկած ամենավառ վարդերը, եթե ոչ նրանք: Շատ լավ, – և լավագույնը, որ պետք է վերցնեն նրանք՝ Երկրի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է… Եվ պատկերացնենք – ընդվզման ալիքի վրա վերցրեցին այդ ըղձալի բեռը… Հաջորդ օրը նրանք արթնանալու են և հանկարծ հայտնաբերելու են՝ պետք է ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼ: Եվ կպարզեն – բոլոր ուժերը ծախսել են ընդվզում գեներացնելու համար, և մոռացված է ԿՅԱՆՔԻ ԿԵՐՏՈՒՄԸ… Նախարարությունների քարացած ապարատները աչքի տակով կնայեն այս նոր կառավարիչներին, մի քանի օր կդողան վախից, մի շաբաթ հետո կհամոզվեն, որ նրանք անփորձ մարդիկ են և բյուրոկրատական ցանցերի մեջ կառնեն նրանց չարթնացած գիտակցությունը… Եվ նոր իշխանության ձեռքերի մեջ կչորանան վարդերը, և մի երկու տարում ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր… Ասածս չափազանցություն չէ – մեկ անգամ այս անխուսափելի դեգրադացիան տեսել ենք:
Ահա գործիչների մի ուրիշ խումբ – նրանք մտածում են՝ ինչքան մեծ լինի ատելությունը և ցասումը, ինչքան ընդգծված “թշնամու պատկերը”, այնքան հեշտ կլինի վարդ քաղելը – և մի օր եթե հասնեն նպատակին, ատելության օբյեկտը հաղթահարված է լինի, – և հաղթողները արթնանան են քնից, և ուրախ լինեն՝ ամեն ինչ եղավ իրենց նախագծով, պետք է ապրել… Եվ հենց այդ վայրկյանին նրանք կպարզեն, որ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ալիքի վրա ձեռք բերածը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ չէ, այլ ազատության պատրանք… Որ ատելության ճանապարհին, առանց Սրտի ու Սիրո ծաղկման, վարդերը չորանալու են…
Այս երեք խմբերին կարող ենք ուղղել նույն հարցը – որտե՞ղ են մարտի 1-ի 10 զոհյալների սրտից ծաղկած վարդերը – տեղյակ չե՞ք, վարդ չի՞ եղել, ինչու՞ չեք քաղել… Պատասխան չունեք, մի~ փախցրեք հայացքները…
Բայց Ո՞Վ, Ո՞Վ, Ո՞Վ կարող է քաղել վարդը, որ այն չչորանա մարդկային ձեռքերի մեջ… Ահա, տեսնում եմ մեկին, որ մի վարդ է քաղել – նա առաջին անգամ է այսպիսի վարդ տեսնում… Կարեկցանքից նրա սիրտը պայթում է, տաք արցունքը ընկնում է վարդին… Նա վարդը սեղմում է սրտին և հասկանում – Վարդը ծնվել է Զոհի սրտից, Վարդը սիրուց ծնված արցունք է ուզում, որ ապրի: Եվ այս մեկը ելնում է փողոց, տեսնում իր նման հազարի, մեկական վարդ սեղմած սրտին… Եվ այս մեկը, ապա երկրորդը, ապա այս հազարը հասկանում են, որ ԱՅՍՊԵՍ այլևս անհնար է ապրել… Պետք ԱՅՆՊԵՍ ապրել, որ աչքից Վարդի վրա ընկնեն միայն Զղջման ու Բերկրանքի արցունքներ: Եվ այս հազարը, հազար-հազարը միանում են իրար, մի Հոգի դառնում, նրանք գտնում են ապրելու գաղտնիքը…
Եվ այդ վայրկյանին հրաշք է լինում – Զոհյալը, որ մինչև այդ դեգերում էր Վրեժի, Ատելության, Ցավի, Չապրած կյանքի մութ-աստրալ տարածներում, հանկարծ Արշալույս է տեսնում, Արև, Բերկրանք – և ընդոստ շարժումով ծանրացած Հոգին վեր է սլանում դեպի Լույս, դեպի Կյանք… Եվ մի միտք կայծակում է նրա սրտում – «Իմ զոհաբերությունը իզուր չէ…»: Եվ նայում է մարդկանց աշխարհին – ամեն մարդ, վարդանոցից քաղած ԻՐ ՎԱՐԴԸ սրտին սեղմած, գտնում է ու միանում իր նման՝ վարդը գտած մյուս մարդկանց – և Զոհյալը տեսնում է այս երկրին պատած վարդերի օվկիանոսը…
Բայց այստեղ հրաշքը չի ավարտվում – Զոհյալը հասկանում է, որ ինքը ԿԱՄԱՎՈՐ է ընտրել իր զոհաբերությունը՝ վարդերի օվկիանոսի արարմանը մանակցելու համար… Իսկ ներքևում կարծում են, թե իրեն սպանել են… Նա նույնիսկ չի նայում սպանողների և նրանց նմանների կողմը, որ դեգերում են մթի ոլորտներում… Նա միայն տեսնում է մարդկանց և Վարդերը, որ ծնվել են իր սրտից և շողում են այս տառապյալ երկրում…
ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
2 հուլիսի, 2012թ.