Հունիսի 8-ին կայանալիք Եգիպտոսի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունն, ինչպես նաև միջոցառմանը մասնակցելու համար արտասահմանցի բարձրաստիճան հյուրերին հղված հրավերների ցանկը թույլ է տալիս որոշ կանխատեսումներ կատարել արաբական այս առանցքային պետության նոր արտաքին քաղաքական ուղեգծի հնարավոր առաջնահերթությունների վերաբերյալ:
Այսպես, ըստ որոշ աղբյուրների, Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսիի երդմնակալության արարողությանը հրավիրվել են 22 պետությունների առաջնորդներ և պաշտոնական անձինք, մի շարք տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Պաշտոնական հրավերք չի ուղարկվել տարածաշրջանային մի քանի առանցքային պետությունների՝ Թուրքիայի, Կատարի, Թունիսի, ինչպես նաև՝ Իսրայելի ղեկավարներին: Դրան հակառակ՝ պաշտոնական հրավերք է ուղարկվել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, արաբական մի շարք այլ պետությունների առաջնորդներին, ինչպես նաև՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիին:
Ինչ խոսք, Անկարայի, Դոհայի և Թունիսի հետ հարաբերությունների սրումը մեծապես կապված է 2013թ. հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո եգիպտական զինվորականության հանդեպ և ընդհանրապես Եգիպտոսում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերոնշյալ պետությունների ղեկավար շրջանակների որդեգրած խիստ քննադատական, երբեմն թշնամանքի հասնող գործողությունների, Արաբական Հանրապետության ներքին գործերին միջամտելու ակնհայտ փորձերի հետ, ինչն իր էական ազդեցությունն ունեցավ նաև անցումային 10 ամիսների ընթացքում երկրների երկկողմանի հարաբերությունների վրա:
Խնդիրն այն էր, որ հատկապես Կատարը և Թուրքիան լրջորեն աջակցում էին «արաբական գարնան» հետևանքով Եգիպտոսում իշխանության եկած «Մուսուլման եղբայրներ» շարժմանը և դրա առաջնորնդներից երկրի նախագահ ընտրված Մուհամմադ Մուրսիին, և հեղաշրջումից հետո վերոնշյալ պետությունները սկսած հետորաբանությունից մինչև ներքին բախումներին, զինված հարձակումներին քաղաքաան պառակտումներին միտված քայլեր, փորձել են խաթարել եգիպտական ժամանակավոր իշխանությունների դիրքերը, ինչի հետևանքով չի հաջողվել խուսփել նաև բազմաթիվ դիվանագիտական սկանդալներից և բողոքի նոտաներից:
Իսկ ինչ վերաբերում է Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ եգիպտական իշխանությունների հավանական մերձեցմանը և Իսրայելի հետ սառը հարաբերությունների հնարավորությանն, ապա արտաքին քաղաքականության հարթությունում սա կարող է լուրջ հնարավորություններ ընձեռել եգիպտական իշխանություններին՝ ձգտելու վերագտնել արաբական աշխարհում նախկինում ունեցած առաջատար դիրքերը՝ մասնակից լինելով Մերձավոր Արևելքում առկա մի շարք կնճռոտ հիմնախնդիրների՝ մասնավորապես, սիրիական, պաղեստինյան հակամարտությունների հանգուցալուծման գործընթացին:
Իսկ նման քաղաքականության հիմքն էլ, ինչ խոսք առկա է. դա նոր նախագահի բավականաչափ վստահ՝ քվեների մոտ 97%-ով, հաղթանակն էր նախագահական ընտրություններում, իչպես նաև արտաքին ուժային տարածաշրջանային և համաշխարհային ուժային կենտրոններից արդեն իսկ հնչած համագործակցության և բարեկամության հրավերներն ու առաջարկները:
Կից՝ կարդացեք:



