Panorama.am-ը գրում է.
Ֆրանսիայում նախօրեին հանդիպել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու եվրոպական պետությունների առաջնորդները: Առիթը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակի տոնական միջոցառումներն էին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով մի քանի տասնյակ պետությունների առաջնորդներ հավաքվել էին՝ տոնելու համատեղ պատմական հաղթանակը ֆաշիստական Գերմանիայի դեմ:
Օրվա խորհուրդն առավել քան տեղին էր ներկա միջազգային լարված իրավիճակում, ուկրաինական ճգնաժամի ֆոնին, որը երբեմն որակվում է նոր «սառը պատերազմ»: Ուկրաինայի խնդիրն էլ հենց եղել է պետությունների ղեկավարների քննարկման հիմնական թեման: Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո առաջին անգամ տեղի է ունեցել արևմտյան առաջնորդների հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ կայացել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Պուտինի հանդիպումը, ինչը դրական ազդեցություն կարող է ունենալ համաեվրոպական բնույթ ստացած ճգնաժամի կարգավորման վրա:
Արևմուտքի «հստակ ուղերձները» Մոսկվային
Ֆրանսիայում ՌԴ նախագահի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Երկու երկրների առաջնորդների հանդիպումը սկսվել է շատ սառը մթնոլորտում, առանց ձեռքսեղմումների:
«Ուկրաինայում ներկա ստատուս քվոն, այսինքն՝ այսօր ստեղծված իրավիճակն անընդունելի է և պետք է փոխվի»,- նշել է Քեմերոնը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ղեկավարին փոխանցել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման «հստակ ուղերձներ»:
Մեծ Բրիտանիայի վարչապետն անհրաժեշտ է համարել, որ Մոսկվան ճանաչի Պյոտր Պորոշենկոյին՝ որպես Ուկրաինայի ընտրված նախագահ և դադարեցնի Ուկրաինայի արևելքում ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը:
Հյուրընկալող կողմը՝ Ֆրանսիայի նախագահն, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի վարչապետի, ձեռքսեղմումով է դիմավորել Պուտինին, և ինչպես ավելի ուշ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրանց միջև բանակցությունները եղել են կառուցողական,մանրամասն քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանասպեկտները: Սակայն նրանց բանակցությունների մասին այլ մանրամասներ նա չի հաղորդել:
Չնայած Սպիտակ տունը հայտարարել էր, որ չի նախատեսվում պաշտոնական հանդիպում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Պուտինի միջև, այնուամենայնիվ, նրանք հանդիպել են և կարճատև զրույց ունեցել: Ոչ պաշտոնական զրույցը տևել է 10-15 րոպե:
«Նախագահ Օբաման հասկացնել տվեց, որ լարվածության թուլացումը կախված է նրանից, թե Ռուսաստանը կճանաչի՞ արդյոք ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի լեգիտիմ նախագահ, և թե արդյոք կդադարեցնի՞ Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելը, սահմանով զենքի և այլ միջոցները մատակարարումը»,- տեղեկացրել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոուդսը:
Տեղի է ունեցել նաև Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելի հանդիպումը: Նրանց միջև զրույցը եղել է ամենաերկարը՝ մոտ մեկ ժամ, սակայն նույնպես սկսվել է բավական սառը մթնոլորտում: Փակ դռների ետևում նրանք մանրամասն քննարկել են ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղիները: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ քննարկումը ծավալվել է ոչ թե հակասությունների, այլ ընդհանուր լուծումներ գտնելու շուրջ: Մերկելը կարևորել է լարվածության թուլացումը և հիշեցրել է Պուտինին ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի մեծ պատասխանատվության մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



