Panorama.am-ը գրում է.
Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հասան Ռոհանին հունիսի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: 1996թ. Հաշեմի Ռաֆսանջանիի այցից հետո սա Իրանի նախագահի առաջին այցն է Անկարա: Անցած տարիներին թե՛ Մոհամմադ Խաթամիի և թե՛ Մահմուդ Ահմադինեժադի՝ Թուրքիա նախատեսված այցերը տարբեր պատճառներով չեղյալ են հայտարարվել:
Թուրք-իրանական հարաբերություններն անցնող տարիների ընթացքում՝ կապված երկկողմ և տարածաշրջանային խնդիրների հետ, մշտապես գտնվել են հեղհեղուկ վիճակում, երբեմն նկատվել է հարաբերությունների բարելավում, իսկ երբեմն դրանք այն աստիճանի են սրվել, որ նույնիսկ ռազմական հարձակման վտանգ էր հասունանում:
Անդրադառնալով Ռոհանիի այցին՝ նկատենք, որ Իրանի նոր իշխանությունների արտաքին քաղաքականության օրակարգում անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է: Այդ պատճառով է, որ այդ երկրի նախագահն ու արտգործնախարարը նախատեսում են այցելել այն հարևան երկրներ (Ադրբեջան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ), որոնց հետ Իրանն Ահմադինեժադի կառավարման տարիներին ունեցել է լարված հարաբերություններ:
Որո՞նք են այն խնդիրները, որոնց շուրջ Ռոհանին Անկարայում քննարկումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Աբդոլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ա. Իրանական գազի արտահանման հարցը
Օրերս ԻԻՀ նավթի փոխնախարար Ալի Մաջեդին, անդրադառնալով իրանական գազը Եվրոպա արտահանելու ուղիներին, նշել էր, որ գազն արտահանելու երեք ճանապարհ կա, որոնցից մեկը Թուրքիան է:
Վերջին տարիներին Անկարան պաշտոնական մակարդակով բազմիցս դժգոհել է, որ Իրանը Թուրքիային բավականին թանկ գնով է գազ վաճառում՝ 1000 խմ-ի դիմաց 490 դոլար, և սա այն դեպքում, երբ Թուրքիան Ռուսաստանից գազը գնում է 425, իսկ Ադրբեջանից 335 դոլարով: Եթե Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2012թ. կազմել են 21.8 միլիարդ դոլար, ապա 2013թ. նվազում է արձանագրվել՝ հասնելով 13.5 միլիարդի: Ներկայում Իրանն ու Թուրքիան գազի սակագնի հարցը վիճարկում են միջազգային դատարանում:
Բ. Սիրիական ճգնաժամ
Ինչպես հայտնի է, Ահմադինեժադի օրոք թուրք-իրանական հարաբերությունները խիստ լարվեցին՝ կապված սիրիական ճգնաժամի և Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման հետ: Եթե Սիրիայի հարցը դեռևս մնում է Իրանի նոր իշխանությունների օրակարգում, ապա ՀՀՊ համակարգերի սպառնալիքը ժնևյան համաձայնությունից հետո նվազել է:
Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները չվատթարացնելու նպատակով ներկայում Իրանի իշխանությունները, Բաշար ալ-Ասադին ցուցաբերվող բազմակողմանի օգնության հետ մեկտեղ, փորձում են զերծ մնալ Սիրիայի իշխանություններին հրապարակայնորեն աջակցելու քաղաքականությունից՝ խուսափելով ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումներին աջակցող երկրների հասցեին խիստ քննադատությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



