Հայաստանի քաղաքական դաշտում հետաքրքիր իրողություններ են տեղի ունենում: Հետաքրքիր այն իմաստով, որ արդեն չգիտես, թե ով ում հակառակորդն է, ով ում դաշնակիցն է: Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մի կողմից ամեն գնով իր կողքին է պահում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, նույնիսկ շանտաժի ենթարկում, թե վերջին 2 տարվա ընթացքում ձեռք բերած հեղինակությունդ կկորցնես, եթե կուլ տաս Սերժ Սարգսյանի նետած խայծը: Այսինքն, ուզում է ասել, որ (ուշադրություն դարձրեք) վերջին 2 տարում իմ (ԼՏՊ) շնորհիվ ձեռք բերած հեղինակությունդ կխլեմ` քեզ (Գ. Ծառուկյան) նորից մեղադրելով ավազակապետության հիմնասյուն լինելու, Մարտի մեկին մասնակցության և այլ մեղքերի մեջ: Մյուս կողմից Տեր-Պետրոսյանը անխնա քննադատում է Ծառուկյանի խնամուն` վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Տարօրինակ է, չէ՞: Տիգրան Սարգսյանին պաշտոնանկության օպերացիան գլուխ բերելուց հետո ԼՏՊ-ն, Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և քառյակը սկսել են նոր խաղ` դեռևս անհայտ նպատակներով: Լավ, դրան դեռ կանդրադառնանք, բայց հիմա ուզում եմ խոսել մի այլ կուսակցության մասին: Չէ, Հանրապետականի մասին չէ: Սրանց մասով ամեն ինչ պարզ է:
Այ...գուշակեցիք, իհարկե, «Օրինաց երկրի»: Կոալիցիոն լուծը թոթափելուց և, ըստ Արթուր Բաղդասարյանի, ազատություն ստանալուց հետո այս կուսակցությունը հետաքրքիր ու աշխատող մարտավարություն է որդեգրել: Նա, ըստ էության, չի խառնվում քաղաքական խարդավանքներին, առուծախին և խաղերին: Կարծես թե «իր աջը քաշած» ինքնուրույն օրակարգ է մշակել և յուրովի պայքարում է պարտադիր կուտակայինի, 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցման, ավտոմեքենաների տեխզննման վերացման, տուգանքների չափերի նվազման և այլ նմանատիպ՝ իսկապես արատավոր խնդիրների դեմ: Բան չունեմ ասելու, թող պայքարեն, վատ բան չեն անում: Թե ինչ դրանից կշահի Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը և մեր ժողովուրդը, ժամանակը ցույց կտա:
Դա մի կողմ: Հետաքրքիր կուսակցություն է այս ՕԵԿ-ը: Կատվի նման է. ինչ բարձրությունից գցում ես` ոտքի վրա է կանգնում: Իր ստեղծման օրվանից ինչքան քաղաքագետներ, առանձին գործիչներ, սովորական մարդիկ երևի մի 100.000 անգամ առիթ ունեցել են կանխատեսելու, որ վերջ, ՕԵԿ-ը լուծարվում է, տրաքում է, մյուս ընտրություններում նույնիսկ 5 տոկոսի շեմը չի հաղթահարի: Բայց... բայց արի ու տես, որ այս կուսակցությանը դեռ վստահում են, ընտրություններին էլ ձայն են տալիս:
«Օրինաց երկրի» ֆենոմենը, ինչպես կասեր Քերթողահայր Խորենացին, էզոտերիկ է (յուրատեսակ, բացառիկ) մեր քաղաքական պատմության մեջ: Այս կուսակցությանը ինչքան քննադատում են, «քամում» են, այնքան ավելի է ակտիվանում ու կենսունակ դառնում:
Հիմա էլ եկել ու ընդդիմության դատարկ դաշտն է գրավում: Այն դաշտը, որը քառյակը հետևողականորեն փոշիացնում է:
Այսքանով հանդերձ, 100001-երորդը ես լինեմ` «Օրինաց երկիրը» հիմա ամեն ինչ անում է հետ բերելու կորցրածը, նորից հանրության մեծ աջակցությունը ստանալու համար: Ու, կարծում եմ, նա հաջողություն կունենա:
Ի՞նչ ա ասելիքս, հիմա էլ հակառակը ասենք, տեսնենք կախարդանքի ուժը այս անգամ հակառակ տեսքով ինչպես կաշխատի, թե չէ ինչքան ասում ենք ՕԵԿ-ը կործանվում է, այնքան, հակառակը, ակտիվանում ու ուժեղանում է: