Հայ-թուրքական խայտառակ արձանագրություններից հետո Աստանայում մեր նախագահը կրեց իր երկրորդ ջախջացիչ դիվանագիտական պարտությունը ու մեր ազգային խնդիրները մտցրեց փակուղի: Բայց այսօր միակ անհանգստացնողը Աստանայում`   Մաքսային միությունում մեզ պարտադրված նախապայմանը չէ, այլ այն, որ ամեն օր հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվոր է սպանվում`  ադրբեջանցի դիպուկահարների կողմից: Ահավասիկ,  հենց երեկ կորցրեցինք երկու հայ զինվորի, և դարձյալ անհանգիստ է հայ-ադրբեջանական սահմանը ... Մինչ մեր իշխանություններն արթմնի երազում են Ղարաբաղի կարգավիճակի մասին ու վախենում բարձրաձայնել, որ Ղարաբաղը Հայաստան է,   ու հարցականի տակ են դնում Ղարաբաղի Հայաստան լինելը, գոնե մի փոքր խորամանկել կարողանային ու բարեհաճեին հող ստեղծել դրան հասնելու ճանապարհին... Կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեին Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիոն գործողությունների առաջն առնելու, որը լի է պատերազմի վերսկսման վտանգով,  ու գրեթե ամեն շաբաթ հայ զինվոր է սպանվում Ղարաբաղյան շփման գծում: Մի՛ մոռացեք Լենինի հայտնի թեզը՝ «Կայծից հրդեհ է բռնկվում»: Ուստի, Ադրբեջանի կազմակերպած դիվերսիոն գործողությունները չպետք է մնան անպատասխան. Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններ օր առաջ, առանց հապաղելու, Ազգային ժողովի մակարդակով պետք է «բողոքի նոտա» ուղարկեն Ադրբեջանի իշխանություններին, միջազգային կառույցներին, Մինսկի խմբի համանախագահներին, հատկապես ՄԱԿ-ին. հայտարարությամբ հանդես գան, որ նմանօրինակ դիվերսիաների կրկնության դեպքում մեր ինքնապաշտպանությանն ուղղված համարժեք գործողությունների համար պատասխանատվություն չկրենք, խուսափենք միջազգային կառույցների խիստ գնահատականներից: Այս հայտարարությունը մեզ ապահովագրած կլինի թե՛ միջազգային կառույցների կոշտ գնահատականներից, թե՛ հաճախակի դարձած ադրբեջանական դիվերսիաներից, էլ չեմ ասում զսպաշապիկի դեր կծառայի Ալիևի ռազմատենչ հոխորտանքների համար և կզսպի Ղարաբաղը պատերազմով հետ վերադարձնելու Ալիևի ախորժակը… Բողոքի նոտան կամ հայտարարությունը պետք է ունենա այս բովանդակությունը. ԵԼՆԵԼՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ.

Քանի որ Ադրբեջանի կողմից հաճախակի բնույթ են ստացել հայկական ՊԲ դիրքերի շփման գծում կազմակերպված դիվերսիաները, խախտելով 1994թ.-մայիսին 5-ին Բիշքեկում կնքված հրադադարի մասին արձանագրություններում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը, որը լի է պատերազմի վերսկսման վտանգով, իսկ միջազգային կառույցները աչք են փակում և չունեն համապատասխան մեխանիզմներ Ադրբեջանին զսպելու, պատժելու, այս անպատժելիության արդյունքում զոհվում են անմեղ հայ զինվորներ, խաղաղ բնակիչներ, ուստի, հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում իր զինվորի և հայ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու, նմանօրինակ դիվերսիաները սանձելու համար, ձեռնարկել համապատասխան ինքնապաշտպանական միջոցներ՝ դիմելով վճռական գործողությունների… Հայկական կողմի համարժեք ու վճռական գործողությունների արդյունքում սահմանի խախտման, առաջխաղացման ու նոր տարածքների գրավման դեպքում կատարվածի ողջ պատասխանատվությունը պետք է կրի հրադադարը խախտող՝ ադրբեջանական կողմը, իսկ նոր գրաված տարածքները հետ չեն վերադարձվի: Հայաստանը ստիպված կլինի իրեն իրավունք վերապահել դադարեցնել Մինսկի խմբի հետ ընթացող բանակցությունները և անմիջապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը (կամ վերամիավորումը մայր հայրենիքին), դառնալ իր հայրենակիցների անվտանգության ու պաշպանության միակ ու հուսալի երաշխավորը»: Դեռ 2010 թվականին, երբ Չինարի գյուղի վրա ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվեց, և տվեցինք 4 զոհ, ես հանդես եկա «ՈՒզում եմ պատռել լռության չադրան» հոդվածով, որտեղ պարզ ցուցանվում է, թե ինչպես կարելի է դիվանագիտորեն պատասխանել ու բացառել նման դիվերսիոն հարձակումները, բայց ասողին լսող է պետք: Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ Ադրբեջանի պրովոկացիոն գործողությունները, որը վերջին ժամանակներս ավելի են հաճախակիացել, համարժեք արձագանքի չեն արժանանում. հիմա, երբ նորից գրեթե ամեն շաբաթ հայ զինվոր ենք կորցնում, կրկին հորդորում եմ իշխանություններին՝ կատարել դիվանագիտական այս քայլը, որը և՛ միջազգային կառույցներին, և՛ Ալիևին սթափ մտածելու տեղիք կտա: Միայն թե մեր իշխանությունները պետք է ունենան համարձակություն, խորամանկել կարողանան, վարեն ճկուն դիվանագիտական քաղաքականություն՝ թե՛ հայ-թուրքական հարաբերություններում, թե՛ Ղարաբաղի հարցում ու մեկ էլ փորձեն դիվանագիտական դասեր սերտել մեր հարևաններից, այլապես այս կաղող դիվանագիտական, ռազմավարական գիտելիքներով միշտ էլ պարտություն կկրենք և մեր ազգի մայրամուտին ականատեսը կլինենք:

Սոնա Արշունեցի-Բրյուսել (Գրող-հրապարակախոս)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել