Ուկրաինական գեոպոլիտիկան, որը դարձավ գլոբալ քաղաքական գործընթացային իրավիճակի փոփոխման մեկնակետ, այսօր դարձել է նաև Արևմուտք-Ռուսաստան մրցակցային կարողությունների փորձաքարը: Ուկրաինան ի զորու է մեծապես փոխել ուժերի բալանսը աշխարհաքաղաքական տարածությունում, և գերտերությունները այդպիսի ռեսուրսի համար դեռ կշարունակեն իրենց պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ պրոռուսական ուժերն ի զորու են այլ մասնիկներ ևս պոկել հօգուտ Մոսկվայի: Հիմա շատ վերլուծաբաններ փորձում են գնահատել, թե ով է հաղթողն այս մրցակցությունում, և շատերը նշում են, որ ԱՄՆ-ն պարտություն է կրում: Սակայն այստեղ խնդիրը պետք է դիտարկել ազդեցության ավանդույթի և քաղաքակրթական ասպեկտներով, որպեսզի ազդեցության համար պայքարին տրվի օբյեկտիվ գնահատական: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ավանդաբար մեծ ազդեցություն է ունեցել Ուկրաինայի վրա՝ ընդհուպ սեփական տարածք ներառելով: Ուկրաինացի ժողովուրդը քաղաքակրթապես կամ ավելի նեղ՝ մշակութապես, էթնիկապես, լեզվական առումով հավանաբար ավելի մոտ է ռուս ժողովրդին, քան որևէ այլ ազգ: Այսօր Արևմուտքը կարողացավ այդ երկիրը դուրս բերել Մոսկվայի ազդեցության տիրույթից և գեոստրատեգիական տարածության, և արժեհամակարգային առումներով՝ թշնամական մթնոլորտ առաջացնելով ռուսների նկատմամբ, որը, այս տեսանկյունից, ազդեցության պահպանման, շահերի իրացման լավագույն արտաքին ռեսուրսն է: Ռուսաստանն ընդամենը 600 հազար կմ քառ. ու 45 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինայից ստացավ Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը՝ 80 հազար կմ քառ. տարածքով և 9 միլիոն բնակչությամբ, և, գուցե, ապագայում նաև Օդեսան: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ վերջինս դեռևս ամբողջապես վերահսկում է միայն Ղրիմը: Այսպես ասած՝ մնացյալ Ուկրաինան գրեթե լիովին հակված է վեստերնիզացիոն մոդերնիզացիային՝ եվրասիականը համարելով քաղաքակրթությունից դուրս մնացած երեք դիկտատորների կղզյակ: Իսկ ինչո՞ւ են ամերիկյան քաղաքական ծրագրերը նմանատիպ դեպքերում համարվում ձախողում: Մարդիկ հաճախ ամերիկյան գլոբալ քաղաքականությունը դիտարկում են ոչ թե ըստ շահածի, այլ՝ ինչքան շահածի, այսինքն, ոչ թե շահեց Կորեան, այլ՝ Հարավային Կորեան, ոչ թե Իրաքը, այլ՝ Հյուսիսային Իրաքը, ոչ թե ամբողջ Ուկրաինան, այլ՝ առանց Ղրիմի: Սա գալիս է նրանից, որ ԱՄՆ-ն դիտարկվում է հեգեմոն՝ իր սահմանած միաբևեռ աշխարհակարգով, ուստի նրա օգուտները գնահատվում են իր նախաձեռնածի կատարման ամբողջականության մեջ՝ մոռանալով, որ, նախ՝ անհնար է արտաքին քաղաքականությունում միշտ և ամենուր շահել ամբողջապես (ինչը, բնականաբար, շատ լավ հասկանում են վաշինգտոնյան ստրատեգները), իսկ այնուհետև, որ նման վերաձևումներով ԱՄՆ-ն աստիճանաբար մեծացնում է սեփական ազդեցության տարածությունը՝ մրցակիցներին սեղմելով ավելի փոքր տարածության մեջ, այլ կերպ ասած՝ այդ ստրատեգների պլաններում դեռևս արդիական է մնում «անակոնդայի օրենքը»: Հնարավոր է, որ այս դեպքում ԱՄՆ-ն իրոք չէր հաշվարկել կոնֆլիկտի նման էսկալյացիա, բայց, միևնույն ժամանակ, նա շահեց Ուկրաինայի մեծ մասը և քանդեց ռուսական կայսերականության վերջին ու գլխավոր պատվարը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/713531978685300?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել