Lurer.com-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերստին հայտարարել է, որ ինքնակառավարման տեղական մարմինների առաջիկա ընտրությունների արդյունքներով ամբողջ երկրում չպետք է մնա «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության ոչ մի ներկայացուցիչ, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Առաջին անգամ նման հայտարարություն Վրաստանի վարչապետն արել էր մայիսի 31-ին Գուրիայի տարածաշրջանի բնակչության հետ կայացած հանդիպման ժամանակ, ինչը հարուցել էր քաղաքական ընդդիմախոսների և ոչ կառավարական հատվածի խիստ քննադատությունը: «Մենք պետք է ազատվենք բոլոր «ազգայնականներից»՝ առանց մնացորդի, քանի որ նրանք ստախոսներ են, և նրանք ավերեցին երկիրը»,- ասել է նա:
«Անշուշտ, դա ոչ միայն մեր, այլև բնակչության ցանկությունն է: Պարզապես այստեղ մեր ցանկությունները համընկել են»,- հայտարարել է Ղարիբաշվիլին հունիսի 4-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
Վարչապետն ասել է, թե ինքը «հավատում է, որ այդպես էլ կլինի, որովհետև «Վրացական երազանքը» անայլընտրական քաղաքական ուժ է: Մենք հինգ գլուխ բարձր ենք կանգնած ցանկացած քաղաքական ուժից, առավել ևս «Ազգային շարժումից»:



