Ռոժե Գարաուդիի գործը վերաբերում է ցեղասպանությունը հերքող անձանց պաշտպանության իրավունքին: Մենք որոշեցինք այս որոշումը թարգմանել և հրապարակել զուտ ճանաչողական նպատակներից ելնելով, քանի որ ցեղասպանության հարցը կարևոր է յուրաքանչյուր անձի համար: Այս դատական ակտին հատուկ անդրադարձել է Եվրոպական դատարանի նախկին նախագահը՝ 2004թ. դատական տարվա բացման հանդիսավոր արարողության ժամանակ արտասանած իր ճառում: 
Սույն գործով դիմողը ենթարկվել է քրեական պատասխանատվության հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը հերքելու համար: Իր հրապարակած գիտական ուսումնասիրության մեջ վերջինս պնդել է, որ Հոլոքոստը առասպել է՝ հորինված սիոնիստների կողմից: Եվրոպական դատարանը որոշել է, որ «կան աներկբայորեն հաստատված պատմական փաստերի տեսակ, ինչպիսին է, օրինակ, Հոլոքոստը, որի ժխտումը կամ վերանայումը պետք է դուրս հանվի 10-րդ հոդվածի՝ ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանության տակից»: Հետևաբար հարց է բարձրանում. եթե մոտ ապագայում եվրոպական դատարանում հայտնվի հայերի ցեղասպանությունը հերքելու մասին նման փաստական հիմքերով մի գործ, օրինակ՝ Շվեյցարիայից, որտեղ նման արարքն արդեն քրեականացված է, արդյոք եվրոպական դատարանը պատրաստ կլինի հետևել Գարաուդիի նախադեպին և նմանապես հայտարարել, որ ազատ խոսքի պաշտպանությունը չի կարող տարածվել այն անձանց վրա, ովքեր մերժում եմ «աներկբայորեն հաստատված այնպիսի պատմական փաստ», ինչպիսին է հայերի ցեղասպանությունը Թուրքիայում: 
Հիշենք, որ հենց այս հարցի շուրջն է այսօր ընթացում պայքարը, երբ երկրները մեկը մյուսի հետևից ընդունում են հայերի ցեղասպանությունը որպես աներկբայորեն հաստատված պատմական փաստ, մինչդեռ բացակայում է միջազգային դատարանի գեթ մեկ որոշում:

Արա Ղազարյան
Երևան 2007

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել